Միկա Բադալյանն ազատ կարձակվի. փաստաբան. դատարանը 6 մլն դրամ գրավ է նշանակել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, բավարարեց բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ նշանակվել է գրավ` 6 մլն դրամի չափով։ Վճարելուն պես Միկա Բադալյանն ազատ կարձակվի։

«Բադալյանն այս պահին էլ գտնվում է «Արմենիա» ԲԿ–ում։ Բժիշկները արգելել էին նրան մասնակցել դատական նիստին»,–ասաց նա։

Նշենք, որ միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց։ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ Բադալյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, նա ունի հատուկ խնամքի կարիք:

Հավելենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանքի տակ պահելու որոշում էր կայացրել։