ՄԱԿ․ Ուկրաինայից հացահատիկի արտահանման միջանցքի բուֆերային գոտու չափը դեռորոշված չէ

Ծովային այն միջանցքի բուֆերային գոտու չափը, որի միջոցով Սև ծովով դուրս է բերվելու Ուկրաինայի պարենամթերքը, առայժմ որոշված չէ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։

Հուլիսի 22-ին Ստամբուլում համաձայնագրեր են ստորագրվել, որոնց համաձայն` վերացվում են արտահանվող ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումները, և Ռուսաստանն աջակցում է ուկրաինական հացահատիկի արտահանմանը։ Նախատեսվում է հացահատիկի արտահանման համար անվտանգության միջանցք ստեղծել, որով հացահատիկով բեռնված նավերը պետք է դուրս գան նավահանգիստներից և, անցնելով Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, սահմանված ուղով մեկնեն համապատասխան երկրներ։ Գործընթացը համակարգելու համար Ստամբուլում համապատասխան կենտրոն է ստեղծվելու։ Նավերը Թուրքիայի կողմից սահմանված կետերում կանգնեցվելու են և ստուգվելու։ Դրանց մասնակցություն է ունենալու նաև ռուսական կողմը։

ՄԱԿ-ի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ռազմանավերը, ինքնաթիռներն ու ԱԹՍ–ները, պայմանավորվածության համաձայն, այդ միջանցքին կարող են մոտենալ այնքան, որքան համաձայնեցված կլինի համատեղ համակարգող կենտրոնի կողմից։

«Նրանք դեռ պետք է որոշեն, թե որն է բավարար բուֆերային գոտին, որն է անվտանգ հեռավորությունը՝ յուրաքանչյուր կողմից 1 մղոն, թե 5։ Խոսքը այդ ճանապարհներով նավերի անվտանգ անցումն ապահովելու համար բավարար հեռավորության մասին է»,- նշել է նա։

Միաժամանակ Գրիֆիթսը նշել է, որ Սև ծովով հացահատիկով բեռնված նավերի անցման պայմանավորվածությունը պարտադրանքի մեխանիզմ չի նախատեսում. այն կամավոր է:

Sputnik Արմենիա