Միկա Բադալյանն ազատ արձակվեց

Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանն ազատ արձակվեց։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ հուլիսի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, բավարարել էր Բադալյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու պաշտպանների ներկայացրած միջնորդությունը (գրավով ազատ արձակելու)` բավարարել էր։

«Միքայել Բադալյանն ազատ արձակվեց: Դատարանի կողմից ընտրված գրավը նաև կիրառվեց արդեն»,– գրել է Ալեքսանյանը։

Պաշտպանները գրավի դիմաց առաջարկել էին 5 մլն դրամ, սակայն դատարանը որոշել էր 6 մլն դրամ գրավ կիրառել։

Հուլիսի 22-ին հայտնել էինք, որ բլոգեր Միքայել Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց։ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ Բադալյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, նա ունի հատուկ խնամքի կարիք:

Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։

Միկա Բադալյանին կալանավորել էին մայիսի 24-ին, իսկ հուլիսի 18-ին դատարանի որոշմամբ նրա կալանքը երկարաձգվել է 20 օրով։

Sputnik Արմենիա