Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՀՐՎ․ ԿՈՎԿԱՍԻ ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՐՁՐ Է
Հարավային Կովկասի աշխարհառազմավարական նշանակությունը տարածաշրջանի երկրների ինքնիշխան հնարավորություններից ավելի բարձր է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս փորձագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը։
Փորձագետի կարծիքով՝ դեռ վաղ է խոսել նրանց ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու մասին։ Թե ինչ դերակատարություն կունենան այս կամ այն երկրի քաղաքական գործիչները, ինչ ազդեցություն կարող են նրանք ունենալ ընթացիկ գործընթացների վրա՝ բաց հարց է։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի աշխարհառազմավարական դերին, ապա այն երբեք չի փոխվել, հատկապես հիմա, երբ աշխարհը, նրա խոսքով, վերադառնում է աշխարհաքաղաքականության դասական տեսությանը։
Ներկա պայմաններում Հարավային Կովկասի աշխարհառազմավարական նշանակությունը բավականին բարձր կլինի։
«Այստեղ պայքար կմղվի այս կամ այն ուժերի միջև, թեև Արևմուտքն այս առումով շատ մեծ ռեսուրսներ չունի։ Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դիրքերից կարող է հանդես գալ միայն Թուրքիան, բայց Թուրքիան ինքն էլ բավականին բարդ իրավիճակում է՝ փորձում է պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի դեմ և ռուս-թուրքական հարաբերությունները պահել հավասարակշռված վիճակում, թեկուզ միայն տնտեսական անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշեց Գևորգյանը։
Ապագա լոգիստիկ շղթաների ստեղծման հեռանկարները, նրա գնահատմամբ, ուղղված կլինեն ոչ այնքան դեպի Եվրոպա, որքան դեպի Արաբական թերակղզի, Աֆրիկա և այլն։ Ամենայն հավանականությամբ, այդ հաղորդակցությունները որոշակի միջնաժամկետ հեռանկարում կծառայեն Հնդկաստանին, Իրանին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Սաուդյան Արաբիային և Հյուսիսային Աֆրիկային։ Չինաստանն էլ անմասն չի մնա։
Իրանագետն ընդգծեց, որ երկու հզոր երկրներ՝ ի դեմս Ռուսաստանի և Իրանի, երաշխավոր կդառնան այս խիտ բնակեցված շուկայում, որտեղ հնարավոր է տնտեսական աճ։
«Այս ամենը կարելի է կազմակերպել նաև առկա էներգետիկ հզորությունների շնորհիվ։ Կարծում եմ, որ Ռուսաստան-Իրան-Արաբական թերակղզու երկրներ-Հնդկաստան գոտու ուրվագիծն ապագայում կարող է նույնիսկ արժութային գոտի լինել։ Եվրոպան, իմ տեսանկյունից, ավելի կաղքատանա, ԱՄՆ-ը նրանից կքամի վերջին հյութերը։ Հին աշխարհն այժմ մեկը մյուսի հետևից կրակում է իր բոլոր վերջույթներին: ԵՄ-ն միշտ աշխատել է ինքնիշխանության իջեցման ուղղությամբ՝ ներառյալ Ֆրանսիայի և Գերմանիայի: Իրավիճակը չի փոխվի, քանի դեռ վերադարձ չի եղել թեկուզ առանձին եվրոպական պետությունների ինքնիշխանությանը»,- ընդգծեց փորձագետը։