ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄՆԵԶԻԱՅԻ ԳԻՆԸ՝ 7,7 ՄԼՆ ԵՎՐՈ Է, 2,6 ՄԼՐԴ ԵՎՐՈ՞ Ի ՓՈԽԱՐԵՆ

Եվրոպական միությունը 7,7 մլն եվրո կհատկացնի Հայաստանին բարեփոխումների ծրագրի իրականացման համար։ Այս մասին գրում է RT-ն, որի տրամադրության տակ է հայտնվել համապատասխան փաստաթուղթը, հաղորդում է Sputnik Արմենիան։

Նշվում է, որ Եվրահանձնաժողովը կֆինանսավորի Հայաստանի հետ գործընկերության համաձայնագրի իրականացման և մոնիտորինգի նախագիծը: Խոսքը Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանն աջակցելու մասին է։ Բացի այդ, ինչպես նշվում է փաստաթղթում, նախագիծը կնպաստի Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրային նախաձեռնություններին և հաղորդակցություններին: Ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար։ Ֆինանսավորման ծավալը կկազմի 7,7 մլն եվրո։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԴՐԱ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԵՆ, ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է։ Այդ գումարով մոնիտորինգի է ենթարկվելու դեռևս 5 տարի առաջ «նախկինների» օրոք ստորագրված, բայց «ներկաների» կողմից 4 տարվա ընթացքում գործնականում չիրականացված համաձայնագիրը։ Սկզբունքորեն, ցանկացած մոնիտորինգ պետք է արձանագրի հենց այն, որ Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի արել փաստաթղթի դրույթները կյանքի կոչելու համար։ Թեպետ, դժվար թե ԵՄ-ն իր մոնիտորինգով խորանա այնքան, որ ապիկարության մեջ կշտամբի «ժողովրդավարության բաստիոնի» հիմնադիրներին։ Ամենայն հավանականությամբ, ուշադրությունը կկենտրոնացվի գոնե առաջիկա 4 տարիներին փաստաթուղթն իրականացնելու գործընթացի վրա։ Թեև կա ևս մեկ տարբերակ. կարելի է կշտամբել «նախկիններին», ասենք, այն բանի համար, որ 2017-ին սխալ գրիչով են ստորագրել փաստաթուղթը, ինչի պատճառով Փաշինյանի իշխանությունը վատ ժառանգություն է ստացել։ Ինչևէ, կապրենք՝ կտեսնենք մոնիտորինգի արդյունքները։ Կապրենք՝ կտեսնենք նաև, թե ինչպես է Հայաստանի 7-միլիոնանոց եվրոաջակցության մի մասը յուրացվում նույն ԵՄ պատվիրակության կողմից։ Թե ինչ նախաձեռնություններ կծնվեն այդ գումարով և ում հետ կկարգավորվի Եվրամիության երևանյան ներկայացուցչության հաղորդակցությունը։

Իսկ մինչ այդ հիշենք այլ գումարի, բոլորովին այլ կարգի փողերի մասին։ Խոսքը դեռ անցած տարի Հայաստանին ԵՄ-ի խոստացած 2,6 միլիարդ եվրոյի մասին է։ Այդ գումարի առնչությամբ վաղուց ձայն-ծպտուն չկա, թեև հայ հասարակության արևմտամետ հատվածը առ այսօր կարծում է կամ ձևացնում, թե այդքան էական ֆինանսական եվրոներդրումը տնտեսական թռիչք կապահովի Հայաստանի համար։ Դե ինչ, թող շարունակեն այդպես կարծել, բայց դատելով ամենից՝ սպասելով կմնան։

Բուն ԵՄ-ում վաղուց են «մոռացել» են իրենց իսկ խոստման մասին։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ի սկզբանե դա (խոստումը) չափազանց կասկածելի էր ու փուչ։ Ոչ միայն այն պատճառով, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ի ծախսերն էականորեն աճել են։ Այն է՝ և՛ օգնությունը բուն Ուկրաինային, և՛ սեփական գոյատևման հետ կապված խնդիրները՝ գների ահռելի աճի ճնշման տակ, և՛ շատուշատ այլ բաներ։ Այժմ, ակնհայտորեն, ԵՄ-ում տնտեսում են յուրաքանչյուր եվրոցենտը, գործարկված է է կոշտ խնայողության ռեժիմը, այդ թվում նաև՝ ֆինանսական։ Եվ 2,6 միլիարդը Եվրամիության համար չափազանց պատկառելի գումար է՝ Հայաստանին (թեկուզև վարկային տեսքով) հատկացնելու համար։ Այդուհանդերձ կա նաև երրորդ հանգամանքը, որի պատճառով ԵՄ-ն կարող էր մոռանալ իր խոստման մասին։ Խոստովանենք, որ դա առավել իրատեսական է դիտվում։

Երբ ժամանակին եվրաչինովնիկները ծանուցեցին Հայաստանին 2,6 մլրդ դոլարի չափով ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին, հարևան պետության ղեկավարը սաստիկ վշտացավ։ Բանն այն է, որ անցած տարվա հուլիսի 2-ին Բրյուսելում հաստատվեց մի փաստաթուղթ, որտեղ նշված են այն նախաձեռնությունները, որոնք Եվրահանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը Արևելյան գործընկերության անդամ երկրներում։ Հենց այդ փաստաթղթի համաձայն էլ Հայաստանին խոստացան 2,6 մլրդ եվրոն։ Իսկ այ Արևելյան գործընկերության մյուս անդամին՝ Ադրբեջանին առաջարկեցին ընդամենը 150 միլիոն։ Ահա և Ալիևը զայրանում էր «անարդարությունից», առճակատ ասում, որ 150 մլն եվրոն նման ծրագրի շրջանակներում վրդովեցուցիչ է։ Ասել է թե՝ Հայաստանին միլիարդներ, իսկ Ադրբեջանին՝ միլիոններ։ «Բնականաբար, ես համարում եմ, որ դա անարդար դիրքորոշում է։ Քանի որ Ադրբեջանը Հարավային Կովկասի խոշորագույն երկիրն է իր տարածքով, բնակչությամբ, ներուժով»,- հայտարարեց Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ի դեպ, ավելի ուշ Ադրբեջանի նախագահն այնուամենայնիվ պոկեց միլիարդները ԵՄ-ից։ Այս տարվա փետրվարին ԵՄ ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին հայտարարեց, որ Եվրամիությունը Ադրբեջանին ֆինանսական օգնության փաթեթ կտրամադրի 2 մլրդ եվրոյի չափով: Թվում էր, թե Ալիևը հասավ ուզածին, Արևելյան գործընկերության շարքերում արդարություն տիրեց. բոլորին՝ մոտավորապես հավասարաչափ։ Մինչդեռ իրականում նա (Ալիևը) հաստատ այլ դասավորություն էր ցանկանում։ Նա ձգտում էր հասնել ոչ այնքան Ադրբեջանի համար գումարի ավելացման, որքան Հայաստանի համար նվազեցման ու նույնիսկ զրոյացման։

Բանն այն է, որ ԵՄ միլիարդների մի մասը Հայաստանը պետք է ներդներ այն ծրագրերում, որոնք խանգարում էին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող Բաքվի ծրագրերին։ Դատեք ինքներդ. նշյալ ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում էր մոտ 600 մլն դոլար հատկացնել Հյուսիս-Հարավ մայրուղու նախագծին, ներառյալ Սիսիան-Քաջարան ճանապարհի և այդ հատվածում նոր թունելի շինարարությանը: Բացի այդ, 80 միլիոնը պետք է հատկացվեր «Հայաստանի հարավային մարզերի, մասնավորապես՝ Սյունիքի կայունության» ամրապնդմանը։ «Առաջնահերթությունների թվում են բակարանները, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, էներգիայի վերականգնելի աղբյուրները և աջակցությունը տեղական փոքր ու միջին բիզնեսին»,- նշվում էր փաստաթղթում:

Այլ կերպ ասած, ԵՄ-ն Հայաստանին ցուցաբերում էր ֆինանսական օգնություն, որի մի մասը նախատեսված էր Հայաստանի այն տարածաշրջանի համար, որն Ալիևն արդեն մտովի յուրացրել է և պատրաստվում է հաստատվել այնտեղ։ Իհարկե, նա պիտի պատեպատ զարկվեր ոչ թե նրա համար, որ իրեն քիչ փող են տալիս, այլ որովհետև տալիս են Հայաստանին, այն էլ Սյունիքի համար։

Եվ ահա այսօր ԵՄ-ն, պայմանավորվելով Բաքվի հետ էներգետիկ համագործակցության շուրջ, Ադրբեջանից ակնկալելով գազի հոսքեր, որոնք, իբր, պիտի փոխհատուցեն Եվրոպային ռուսական գազի պակասը, Հայաստանին առաջարկում է 7,7 մլն եվրո, իսկ 2,6 միլիարդի մասին՝ պարզապես «մոռանում»։ Ընդ որում այն պայմանով, որ ծրագրի իրականացումը (2,6-միլիարդանոց) նախատեսված է մինչև 2025 թվական, և այդ ժամկետից մեկ տարին արդեն անցել է:

Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ի այդօրինակ «մոռացկոտությունը» բացատրվում է ալիևյան շանտաժով։ Այն է՝ փող չտաք Հայաստանին, այլապես ես գազի գործարք չեմ կնքի։ Այս իրավիճակում տրամաբանական է ենթադրել, որ 7,7 միլիոնը ԵՄ-ն հատկացնում է Երևանին, որպեսզի նա մոռանա 2,6 միլիարդի մասին... Պատկերավոր ասած՝ դա հայկական ամնեզիայի գինն է։