«Ժողովուրդ». ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ Է ԼՈՒՐՋ ԱՆԿՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.8 տոկոսով. սա այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է լուրջ անկում արձանագրվել, այն էլ՝ 5.5 տոկոսի չափով: Ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության, անասնաբուծության ոլորտներում: Բայց, արի ու տես, երկրի գյուղատնտեսության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փորձել է մեղմել այս իրավիճակը՝ հայտարարելով, որ գյուղատնտեսության վիճակագրական տվյալները թվային չեն, և դրանք սովորաբար գնահատականների վրա են հիմնված: Նա իր այս միտքն արդարացրել է՝ նշելով, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներն են զգալի աճել:

Հուսանք՝ Վիճակագրական կոմիտեն առաջիկայում գյուղատնտեսության ոլորտում թվանկարչությամբ չի զբաղվի նախարարի խոսքերն արդարացնելու համար: Չնայած սրան՝ նշենք, որ Վիճակագրական կոմիտեն արձանագրել է մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալների անկում»։

Aysor.am