ԿՈՌՆԻՁՈՐԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՉԻ ԲԽՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայկական կողմը մեր հատվածում սկսել է Բերձորը շրջանցող ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները:Այս մասին ի պատասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Ընդ որում, ընդգծենք, խոսքը ոչ թե ճանապարհի վերակառուցումն սկսելու մասին է, այլ միայն նախագծման աշխատանքների։ Ընդ որում՝ ՀՀ կառավարությունը նշված որոշումը կայացրել է բոլորովին վերջերս՝ հունիսի 30-ին։

«Տեղեկացնում ենք, որ (Մ-12) -Կոռնիձոր ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման նպատակով իրականացվում են նախագծման աշխատանքներ։ ՀՀ կառավարության 30.06.22 թ. թիվ 1005-Ն որոշմամբ նշված ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և դրանց փորձաքննության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են միջոցներ»,- նշվում է նախարարի տեղակալ Ք.Ղալեչանի ստորագրությամբ ուղարկված պատասխանում։

Իսկ թե բուն ճանապարհի վերակառուցման աշխատանքները երբ են նախատեսվում սկսել, հետևապես նաև ավարտել՝ Նախարարությունը ձեռնպահ է մնացել ժամկետներ նշելուց։

Դեռևս հուլիսի 1-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ պարզելու, թե Ադրբեջանի կողմից կառուցվող Բերձորը շրջանցող ճանապարհի երթուղին արդյո՞ք համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ, համաձայնություն տրվե՞լ է, որ նոր ճանապարհը կառուցվի հենց այդ երթուղով, թե ոչ։ Հետաքրքրվել էինք նաև քանի այլընտրանքային երթուղի է քննարկվել, որոնցից ընտրվել է հենց այդ մեկը։ Բացի այդ՝ խնդրել էինք պարզաբանել, թե նոր երթուղուն համաձայնությունը տալիս արդյոք հաշվի առնվել է, որ այն շրջանցում է Բերձորը, որտեղով անցնում են Արցախը սնուցող հիմնական ենթակառուցվածքները։ և վերջապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում ուղղակի նշված չէ, որ նոր ճանապարհի շահագործման հանձնվելու դեպքում Բերձոր, Աղավնո և Սուսի համայնքները պետք է հանձնվեն Ադրբեջանին ու խնդրել էինք փոխվարչապետին՝ տեղեկացնել, թե ինչ հիմնավորմամբ է այդ գործընթացն իրականացվելու։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խուսանավել է պատասխանել այս հարցերին։ Նախ գրասենյակից պարզաբանել էին, թե հարցերին կպատասխանեն ԱԳՆ-ի հետ քննարկումներից հետո, սակայն հետագայում այն վերահասցեավորել են ՏԿԵ նախարարություն, թեև ակնհայտ էր, որ մեր բարձրացրած հարցերն այս նախարարության իրավասության ներքո չէին, այլ հենց Մհեր Գրիգորյանի, որը նաև հանդիսանում է համապատասխան հանձնաժողովների նախագահ։

ՏԿԵ նախարարությունն էլ նախ մեկ ամիս ժամանակ էր ուզել՝ հարցերին պատասխանելու նպատակով ուսումնասիրություն կատարելու համար, բայց, ի վերջո, ուղարկել գրություն՝ անդրադառնալով միայն իրենց իրավասության ներքո գտնվող՝ ճանապարհների շինարարության վերաբերյալ հարցին։

Բերձորի հետ առնչվող վերը թվարկված հարցերին արձագանքելով սույն նախարարի տեղակալը նշել էր, որ դրանց «պատասխանները ենթադրում են հղում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը՝ մասնավորապես 6-րդ կետին»։

Մինչդեռ, նկատենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում որևէ խոսք չկա միջանցքից դուրս ճանապարհի կառուցման մասին, այլ սևով սպիտակի վրա գրված է, որ «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին պետք է հստակեցվի Լաչինի միջանցքով նոր երթուղու շինարարության պլանը», իսկ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհը այդ միջանցքից դուրս է։

Թերևս ՏԿԵ նախարարությունն ուսումնասիրությունից հետո հասկացել էր հարցի լրջությունը, գիտակցել, թե իրավասու մարմինները ինչու են խուսանավում դրանց արձագանքելուց ու որոշել, որ ինքն էլ չմտնի այդ բեռի տակ։ Փաստացի գործ ունենք Փաշինյանի ստվերային հերթական գործարքի հետ, որն իրականացվել է հայ հասարակությունից գաղտնի, որի հանրային պատասխանատվությունը կառավարության ոչ մի անդամ չի ուզում վերցնել իր վրա։

«Փաստինֆո»