Ամերիկացի սենատորներն առաջարկում են Հայաստանին և Արցախին հատկացնել 62 մլն ԱՄՆ դոլար

ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն հրապարակել է 2023 ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որն առաջարկում է 60 միլիոն դոլար Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման, ինչպես նաև տեղահանված հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար՝ վերահաստատելով Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ԱՄՆ կառավարությունը օգնություն կտրամադրի Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին չի հայտնել, որ պաշտոնական Բաքուն արդյունավետ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։

Կոմիտեի զեկույցում առաջարկվում է «մինչև 2 000 000 ԱՄՆ դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողություններից տուժած տարածքներում ականազերծման և պայթուցիկ զինամթերքի վնասազերծման գործողությունների համար՝ Հատկացումների հանձնաժողովների հետ նախնական խորհրդակցության դեպքում» և «մարդասիրական օգնության» համար։

ANCA-ի զեկույցում նշվում է, որ անցյալ ամիս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագծի իր տարբերակը, որը նախատեսում է նշված օգնության հատկացումը Հայաստանին և Արցախին, ինչպես նաև պարունակում է ուղղում 907-րդ կետից։

Կոնգրեսի հետ կապերի ասամբլեայի տնօրեն Մարիամ Խալոյանն ընդգծում է Հայաստանին և Արցախին օգնություն հատկացնելու անհրաժեշտությունը։ «Հենց նոր վերադարձա Հայաստանից և Արցախից, որտեղ ԱՄՆ-ի շարունակական օգնությունն ու ներգրավվածությունը մնում է կարևոր»,- ասում է նա։

Խալոյանը հավելել է, որ ANCA-ն կշարունակի աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետ «լավագույն արդյունքի հասնելու և հայ ժողովրդին օգնելու համար»:

Armenia Today