Չալաբյանի դեմ հարուցված քրգործով նիստը հետաձգվեց

Հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործով դատական այսօրվա նիստը հետաձգվեց. Չալաբյանն առողջական խնդիրներ ուներ։

Նշենք, որ նիստն ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Չալաբյանը նույնպես մասնակցում էր նիստին։

Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ բժիշկներն այսօր ախտորոշել են զարկերակային հիպերտենզիա` բարձր ճնշում։

«Ստուգման ժամանակ նրա ճնշումը եղել է 170/100։ Հաշվի առնելով առողջական վիճակը` միջնորդում ենք հնարավորության դեպքում հետաձգել նիստը»,- ասաց պաշտպանը` դատարանին ներկայացնելով «Նաիրի» բժշկական կենտրոնից տրված տեղեկանքը:

Դատավորը հետաքրքրվեց Չալաբյանից, թե ի վիճակի՞ է մասնակցել նիստին, թե ոչ, ինչին ի պատասխան վերջինս ասաց, որ կուզենար` նիստը մեկ շաբաթով հետաձգվի, որպեսզի առողջական վիճակը բարելավվի:

«Սրտի ծակոցներ ունեմ, դրան գումարած նաև զարկերակային բարձր ճնշումս։ Ուստի երախտապարտ կլինեմ, որ նիստը հետաձգվի»,–ասաց Չալաբյանը։

Գործով դատախազը չառարկեց նիստը հետաձգելու միջնորդությունը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց նիստը հետաձգել։ Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 1-ին. սկիզբը՝ ժամը 14:00-ին։

Sputnik Արմենիա