23.3 տոկոս աճ. ո՞ր հանցագործություններն են ավելացել ՀՀ–ում վեց ամսվա ընթացքում

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ–ում հանցագործությունների թիվն աճել է 23,3 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ծանր վիրավորանք հասցնելու, վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու, ինչպես նաև թմրամիջոցների հետ կապված հիմնական հանցատեսակների թվի աճով։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ այսօր տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ` ոստիկանապետ Վահե Ղազարյանի ղեկավարությամբ։

Հանցագործությունների 85,7 տոկոսը բաժին են ընկնում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ։

«Նվազել են սպանության և դրա փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, բնակարանային գողության, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, գողության, տրանսպորտային միջոցներ փախցնելու, յուրացման, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություններ կատարելու դեպքերը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2,8 տոկոսով աճել է նաև հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Հայտնաբերվել է 422 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք: Իսկ, ահա, ՃՏՊ-ների թիվը նվազել է 275-ով, զոհերի թիվը՝ 30-ով, վիրավորներինը՝ 509-ով:

2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 921 ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 322 ծառայող։

Sputnik Արմենիա