Դավիթ Բաբայան․ Ալիևը չի էլ թաքցնում, որ ցեղասպան քաղաքականություն է վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իհարկե, Ադրբեջանի կազմում մենք չենք ունենալու ոչ մի բան, Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է, որն ապացուցվել է պատմության մեջ: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ն հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

 


«Հետևաբար բոլորս պետք է շատ լավ հասկանանք և հանկարծ չխաբնվենք և չմտածենք, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է նման տարբերակով»,-ասում է նա:

Բաբայանի խոսքով` անկողմնակալ վերաբերմունքի դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման հայտարարության համար միջազգային կառույցների կողմից պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր:

«Իհարկե, Ալիևը չի էլ թաքցնում` ինքը սկսել է պատերազմը, ինքն ագրեսոր է, ինքը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը, հանդիսանում է նաև ցեղասպան քաղաքականության իրականացնող, հետո ինչ: Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը պապանձված է, լուռ է, մենք տեսնում ենք` այն կազմակերպությունները, որոնք պետք է ահազանգեն, նույնպես պապանձված և լուռ են: Այն, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, դա շատ ակնհայտ է ու պարզ է և դրա մասին փաստում են բոլոր միջազգային փաստաթղթերը, այդ թվում նաև այդ չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Բնական է, որ այսպիսի հայտարարություններով Ալիևը փորձում է տապալել միջազգային կարգավորման գործընթացը, բայց չեմ կարծում, որ դա իրեն կհաջողվի»,-ասել է Բաբայանը:

Նշենք, որ Ալիևի այս հայտարարութուններին արձագանքել է միայն Ստեփանակերտը, պաշտոնական Երևանը դեռ լուռ է:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ, կլինեն Ադրբեջանի սովորական քաղաքացիներ:

News.am