Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ 5000-ԻՑ ԱՎԵԼԻ ԶՈՀ ՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՅԴՔԱՆ ՄԵԾ ՔԱՆԱԿԻ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵԻՆ
Շուրջ չորս տարի մենք ապրում ենք մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական կորուստների ծանր շրջափուլում: Ռազմա-քաղաքական, ահաբեկչական, բնական ու տեխնածին աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը:
Պետք է զինվենք համբերությամբ, ցուցաբերենք բարձր կազմակերպվածություն ու պատասխանատվություն, գիտակցված վարքով հասկանանք և գնահատենք մեր շուրջը տեղի ունեցող բոլոր երևույթները: Զերծ մնանք այնպիսի գործողություններից, որոնք կարող են ունենալ ծանր հետևանքներ:
Փոխադարձ հարգանքի, սիրո, համերաշխության, համախմբվածության ու միմյանց նկատմամբ հոգատարության միջոցով մենք կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն:
Ցավակցում եմ պայթյունի և հրդեհի զոհ դարձած մեր հայրենակիցների հարազատներին:
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժած հայրենակիցներին:
Հ.Գ. 1
Դավաճանված պատերազմում 5000-ից ավելի զոհ տված ու հսկայական Հայրենիք կորցրած Հայաստանի շուկայում այդքան մեծ քանակի հրավառության սարքեր չպետք է լինեին: Ամեն օր համազգային ողբերգություն ապրող ազգի ինչի՞ն է պետք հրավառության սարքը:
Հ.Գ.2
Մոխրացած փլատակների տակ տուժածների դիերի ու անհետ կորածների փնտրտուքին զուգահեռ, նույն Երևանի «Երազ» այգում ուրախ համերգի մասնակիցներին արդարացի ամոթանք է տալիս ազգությամբ ռուս աղջիկը: Իսկ ընդամենը մի քանի ժամ առաջ մեր հայրենակիցը Աղավնոյում իր հարազատ տունն էր այրում, որովհետև դավաճանը որոշել է հանձնել այն թշնամուն:
Կանգ առե´ք մարդիկ: Մի ´մոռացեք Աստծո և բարոյականության մասին: Ուրիշի վիշտ չի լինում:
Երեկ, տարբեր երկրներից, երեսունից ավելի զանգ ու հաղորդագրություն եմ ստացել այլազգի մտերիմ մարդկանցից, ովքեր ցավում էին Երևանում տեղի ունեցած պայթյունի համար և իրենց զորակցություն էին հայտնում:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ