Մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու ահազանգ է ստացվել

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու ահազանգ է ստացվել. ուղևորափոխադրումները դադարեցված են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, հաղորդագրություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

News.am