Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է, 15 ՕՐՈՒՄ 5 ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՀ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Զինված ուժերի օգոստոս ամսվա առաջին 15-օրյակի ոչ մարտական կորուստների վիճակագրությունն եմ նայում, որը ևս տեղով ողբերգություն է բանակի ու երկրի համար։ 15 օրում 5 ոչ մարտական զոհ։
Եվս 2 զոհ Պաշտպանության բանակն ունեցել է օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի ժամանակ։
Շուրջ 2 տասնյակ՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված վիրավորումներ ՀՀ-ում և Արցախում, այդ թվում՝ ոչ մարտական պայմաններում։
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։
Օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի։
Ավելի ուշ պարզվել է, որ վերոնշյալ քաղաքացին եռամսյա զորահավաքի մասնակից է, ով այդ պահին, դեռևս անհայտ պայմաններում, գտնվել է այդ տարածքում։
Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ):
Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար»։