Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ՍՐԱՆՔ ԱՆԳԱՄ ՍՈՒԳ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Հանրային ճնշումից հետո Փաշինյանը ստիպված ՀՀ տարածքում սուգ է հայտարարել։ Նա դա շատ է սիրում ու միշտ մահեր բերում... Դեռ որևէ պաշտոնական ցավակցություն չի հայտնել, մի բառ չի խոսել, բավարարվել է կարճ որոշում ստորագրելով, հետևյալ բովանդակությամբ. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»:
Ու ՎԵՐՋ։ Որևէ այլ բառ չկա, թե դա ինչ է ենթադրում՝ դրոշնե՞րն են վար առնվում, հեռուստաեթերում փոփոխություններ լինու՞մ են, զվարճանքի վայրե՞րն են փակ լինում։ Քանի որ չկա հստակ կանոնակարգում։ Մի խելքը գլխին մարդ չկա՞ր այդ կառավարությունում, որ հուշեր՝ պետք է հավելվեին մի քանի կետեր, որ սուգն էլ լիներ պատշաճ կերպով։ Թող սովորեին այլ պետությունների ղեկավարներից։ Անգամ Արցախի հանրապետության իշխանություններից, որը ևս սուգ է հայտարարել հայկական երկրորդ Հանրապետությունում։ (https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/pfbid0227yeEpV7ibX7iaW3eC4ftx6Y9vaVaWVJBHz8PYeC2PUXunCFgwBiWA6CvTKhu2Zfl)։
Կամ գոնե արտագրեին նախկինում Նիկոլի ստորագրած երկու որոշումներից՝ հավելելով երկրորդ կետ հետևյալ բովանդակությամբ՝ «Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը»։
Հղում տային «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետին, որ կարգավորվեր նաև հեռուստաեթերը։ Զվարճանքի վայրերի մասին օրենսդրական կարգավորում ընդհանրապես չկա։
Լավ, հրատապ, գործնական աշխատանքները չեք կարողանում կատարել, փրկարարական աշխատանքները համակարգված չեք կարողանում անել, առնվազն ձեր սիրած զբաղմունքը՝ ներկայացնելը գոնե կարողանայիք պատշաճ կազմակերպել։
ՄԱՀԱԲԵՐ... համավարակի հազարավոր զոհեր, հետո՝ ՀԻՇՈՒ՞Մ եք՝ 2020 թվական, սեպտեմբեր 1. ալկոհոլային թունավորումից 21 մահ, հետո պատերազմ, իրենց հրապարակած տվյալներով 4000 զոհ, հետո արդեն զոհեր սահմանին, խաղաղ պայմաններում, եռամսյա հավաքում, նիկոլական ավտոշարասյան զոհը՝ Սոնան ու երկարող շարքը։ Մահեր բանտերում, հացադուլի պայմաններում, ու շարունակելի շարք... անվերջ։ ՄԱՀԱԲԵՐ»։