Nature Food․ Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ռաթգերսի համալսարանի (Նյու Ջերսի) գիտնականները պարզել են, թե որ երկրներն ավելի մեծ հնարավորություններ ունեն հաղթահարելու հիպոթետիկ միջուկային պատերազմի հետևանքները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Food ամսագրում։
Ինչպես պարզել են մասնագետները, եթե միջուկային մարտագլխիկներ գցվեն տարբեր երկրների խոշոր քաղաքների և արդյունաբերական կենտրոնների վրա, ապա կրակե փոթորիկներ կսկսվեն, իսկ մթնոլորտն աշխարհում կաղտոտվի այրման մասնիկների արտանետումների պատճառով։ Դրա հետևանքները կլինեն կլիմայի փոփոխությունները և ցամաքում ու օվկիանոսներում սննդի պաշարների կրճատումը:
«Եթե մթնոլորտ արտանետվի ավելի քան 150 տերագրամ (ավելի քան 165 միլիոն տոննա) մուր, ապա ապոկալիպսիսից երեք-չորս տարի անց հացահատիկի սպառումը կնվազի մոտ 90 տոկոսով»,- ասվում է հետազոտության մեջ, գրում է «Իզվեստիան»:
Գիտնականների կարծիքով, Ավստրալիան և Արգենտինան կկարողանան պահպանել օրական մեկ շնչին բաժին ընկնող կիլոկալորիաների օպտիմալ քանակը, նույնիսկ եթե մթնոլորտ արտանետվի մրի ամենամեծ քանակությունը։
Հոդվածում նշվում է նաև, որ ևս մեկ նման վայր կարող է լինել Նոր Զելանդիան, սակայն վտանգ կա, որ նա կբախվի մեծ թվով փախստականների Ասիայից և այլ երկրներից, որտեղ պարենային իրավիճակը կրիտիկական կլինի:
Գիտնականների հաշվարկներով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հիպոթետիկ լայնամասշտաբ միջուկային պատերազմի դեպքում Երկրի բնակչությունը կարող է կրճատվել հինգ միլիարդ մարդով, իսկ մոլորակի վրա միջուկային ձմեռ կիջնի։