ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՎԵՐԱԴԱՐՁԸ
Օգոստոսի 3-ին Ադրբեջանում կայացել է «Ադրբեջանի փախստականների միության» ընդհանուր ժողովը, որի ընթացքում քվեարկության արդյունքում կազմակերպությունը վերափոխվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» շահույթ չհետապնդող կազմակերպության, որի նպատակն է «վերականգնել իրենց պատմական հայրենիքից վտարված ադրբեջանցիների իրավունքները»: Նշենք, որ Ադրբեջանում շրջանառվող այպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման տակ ենթադրվում է ՀՀ ներկայիս սուվերեն տարածքը։
Օգոստոսի 5-ին «Արեվմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության նախագահ Ազիզ Ալեքբերլին «ԱՊԱ» լրատվականին տված հարցազրույցում նշել է, որ եթե մինչև այսօր կազմակերպությունը զբաղված էր հիմնականում «1988-1991 թթ․-ին Արևմտյան Ադրբեջանում պատմական վայրերից վտարված ադրբեջանցիների խնդիրներով», ապա այսօր իրենց առջև «ավելի մասշտաբային նպատակներ են կանգնած», օրինակ՝ «բացահայտել և միջազգային հանրությանը հասցնել հայերի և նրանց հովանավորների կողմից իրականացվող տեղահանության, ջարդի, էթնիկ զտումների, Ադրբեջանի պատմական հողերի վրա ադրբեջանական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը»։
Շարունակելով պատմական ճշմարտության աղավաղումը` Ա․ Ալեքբերլին հավակնություններ է հայտնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան ամբողջ տարածքի նկատմամբ՝ ներառյալ Զանգեզուրը, Սևանը, Երևանը, Լոռին՝ հայտարարելով, որ «մինչև վերջին կտորը դրանք Ադրբեջանի պատմական հողերն են»։ Ըստ նրա՝ «Արևմտյան Ադրբեջանի» իրողությունը պետք է տեղափոխել միջազգային հարթակ։
Հարցին, թե արդյոք հնարավոր է վերադարձը «Արևմտյան Ադրբեջան», Ալեքբերլին պատասխանել է․ «Մենք անպայման վերադառնալու ենք մեր պատմական հողերը, մեր նախնիների օջախները»։ Սակայն նա անհնար է համարել հայերի հետ խաղաղ գոյակցումը, քանի որ «հայ հասաակությունը երբեք չի կարողանա խաղաղ գոյակցել իր հարևանների հետ»։
Թե՛ իր անվանմամբ, թե՛ բնույթով ու գործունեությամբ այս կազմակերպությունը ունի լիակատար հակահայկական ուղղվածություն։ Ըստ էության, կազմակերպության նպատակն է միջազգային հարթակներում բարձրաձայնելը ՀՀ ներկայիս տարածքի իբրև թե ադրբեջանական պատկանելության, այնտեղ «ադրբեջանցի փախստականների» վերադարձի անհրաժեշտության և «ադրբեջանական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մասին՝ լեգիտիմություն ապահովելով հետագա հակահայկական գործողությունների և ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ծավալապաշտության համար։
Ի դեպ, այս մշակութային յուրացման գործընթացը Արցախյան երրորդ պատերազմից հետո նոր՝ ավելի մեծ մասշտաբներ է ընդունել։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր էր ստորագրել պետական մակարդակով նշելու Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը՝ փաստացի ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության, մասնավորապես՝ ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։
Նմանօրինակ մեկ այլ դրսեվորում էր «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասը «հնագույն Իրևան քաղաքի» պատմական թաղամասերից մեկը հայտարարելը. մի շարք ադրբեջանցի գիտնականներ դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին Երևանի «Թեփեբաշի» թաղամաս առաքելություն ուղարկելու խնդրանքով, քանի որ այնտեղ «ոչնչացվում են ադրբեջանական պատմական հուշարձանները»։
Կարող ենք արձանագրել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործության և լուռ համաձայնության պայմաններում Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն իրականացնում են Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում օկուպացված հայկական տարածքների մշակութային և ռազմաքաղաքական ակտիվ յուրացում, այլև շարունակում են հավակնություններ դրսևորել Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ու մշակութային կառույցների նկատմամբ։ Ընդ որում, այդ հավակնությունները բարձրաձայնվում են ոչ միայն ներքին լսարանի առջև՝ այդպիսով ապահովելով հակահայկական տրամադրությունների բարձր մակարդակը, այլև միջազգային հարթակում, ինչն էլ կապված է ՀՀ նկատմամբ ծավալապաշտության արտաքին լեգիտումթյան ապահովման հետ։
2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքվի շքահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը, Սևանը և Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։ Սակայն սա նպանատիպ առաջին հայտարարությունը չէր։ Ադրբեջանական իշխանությունը հետևողականորեն ներարկում է իր հասարակությանը հայկական պատմական տարածքների՝ ադրբեջանական պատկանելության մասին թեզը՝ այդ գործընթացը ուղեկցելով քարտեզների ստեղծումով, որոնց վրա Սյունիքը, Սևանը և Երևանը պատկերված են իբրև Ադրբեջանի մի մաս, համապատասխան պատմական զեղծարարությունների կատարմամբ։ Պետական բարձր մակարդակում Ադրբեջանի իշխանությունների կողմից ՀՀ նկատմամբ տարածքային հավականությունների վառ դրսևորում կարելի է համար պաշտոնական հռետորաբանության մեջ «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Զանգեզուր» եզրերի կիրառումը։
Ադրբեջանի կողմից այս և նմանատիպ այլ հայտարարությունները, իրադարձություններն ու նախաձեռնությունները փորձ են լեգիտիմացնելու ոչ միայն արդեն իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 70 քառակուսի կմ հատվածի գրավումը Ադրբեջանի ԶՈՒ կողմից, այլև հող են նախապատրաստում Սյունիքի մարզի և ՀՀ սուվերեն այլ տարածքների դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև լիարժեք գրավում։