Գյումրու երկաթգծի կայարանն անցել է բնականոն աշխատանքի. արտառոց բան չի հայտնաբերվել

Գյումրիի երկաթգծի կայարանը սակրավորների ստուգումից հետո անցել է բնականոն աշխատանքի, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ԱԻՆ-ը էլեկտրոնային տարբերակով նամակ է ստացել Գյումրիի երկաթգծի կայարանում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ԱԻ և ոստիկանական ուժերի կողմից տեղում աշխատանքներ են իրականացվել. կայարանի վարչական շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել էին:

Գյումրու երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ շենքն ամբողջովին ստուգել են և, համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, անցել են բնականոն աշխատանքին։

Նա տեղեկացրեց, որ գնացքները ժամանակացույցով այս պահին աշխատում են, հետաձգումներ չկա:

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 15-ին և 16-ին հաղորդումներ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժին է զանգահարել Գևորգ Սարգսյան ներկայացած անձը և հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի, Գյումրու տարածքային հարկային տեսչության, ինչպես նաև այլ վարչական շենքեր:

Պարզվել է, որ ահազանգերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:

Գյումրի քաղաքի բնակիչը ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Օգոստոսի 16-ին նաև հաղորդել ենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Ավելի ուշ ռումբի մասին ահազանգ եղավ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասին։ Ժամը 13-ի շրջանում հաղորդվեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ ոչինչ չի հայտնաբերվել։ Ժամը 15։00-ից վերականգնվեց նաև մետրոպոլիտենի աշխատանքը։