Իսրայելի նախագահը ողջունում է դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու Թուրքիայի որոշումը
Թուրքիայի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կօգնի ամրապնդել տնտեսական հարաբերությունները և բարեկամությունն իսրայելցի և թուրք ժողովուրդների միջև, հայտարարել է Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը։
«Ես ողջունում եմ Թուրքիայի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, որը կարևոր իրադարձություն է և կամրապնդի տնտեսական հարաբերությունները, փոխադարձ զբոսաշրջությունը և բարեկամությունն իսրայելցի և թուրք ժողովուրդների միջև։ Բարիդրացիական հարաբերությունները և մերձարևելյան գործընկերության ոգին կարևոր են բոլորիս համար»,- ասված է նախագահի հայտարարության մեջ:
Իր հերթին, վարչապետ Յաիր Լապիդն ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար և «կարևոր տնտեսական նորություն է Իսրայելի քաղաքացիների համար»։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան որոշել է դեսպան նշանակել Իսրայելում և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։
News.am