ՊԱՐԵՐ ԱՐՅԱՆ ՎՐԱ

ՔՊ-ն ոչ պաշտոնական մեկնա՞րկ տվեց մայրաքաղաքային քարոզարշավին

Մինչ մեր համաքաղաքացիներից ոմանք ծաղիկներ ու խաղալիքներ են տանում Երևանում տեղի ունեցած ողբերգության վայր կամ պարզապես լուռ վերապրում կատարվածը, մյուսները պարեր են կազմակերպում արյան վրա՝ խելացի ճառեր արտասանելով որոնողափրկարարական աշխատանքների, ամեն առիթով հրավառությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին, թողնելով այդ «արտոնությունը» միայն իշխանություններին՝ պետական տոների առթիվ, այն մասին, որ այդ հարցը արտահերթ կարգով կքննարկվի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանում և այլն: Թվում է, թե դրանում ոչ մի դատապարտելի բան չկա, եթե…

Եթե վերոթվարկյալ ամենի մասին ճառեր որպես լոկ քաղաքացի Տիգրան Ավինյան ներկայացած անձը, ծայրահեղ դեպքում՝ Պետական շահերի հիմնադրամի խորհրդի նախագահը, որպիսին նա հանդիսանում է այսօր, այլ ոչ թե... «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապագա թեկնածուն Երևանի քաղաքապետի պաշտոնում:

Մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի մասին երազող և քաղաքապետի աթոռին յուր անձը տեսնող Ավինյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք այցելեց ողբերգությունից երեք օր անց։ Եվ սգո օրը չմտահղացավ ավելի լավ բան, քան պարզաբանել լրագրողներին, որ եկել է «որպես ՔՊ վարչության անդամ և, այո՛, որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»։ Ինչպե՞ս անվանել սա. ցինիզմ, բարոյազրկություն, թե՞ իշխող ուժի հերթական ներկայացուցչի կողմից նսեմության ամենաստորին կետի ևս մեկ գերազանցում։ Դա այնքան էլ կարևոր չէ։ Կարևոր է մեկ այլ բան. ինչ էլ որ ասի սույն անձնավորությունը այդօրինակ ինքնապիարից հետո, չի կարող լուրջ ընկալվել, և չպետք է ընկալվի ընդհանրապես։ Քանզի մայրաքաղաքային գալիք ընտրությունների մասին դեռ խոսք չկա, համենայնդեպս դրանց անցկացմանը պաշտոնապես դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա։ Քարոզարշավը դեռ չի մեկնարկել, անձամբ Ավինյանին որպես իր թեկնածու ՔՊ-ն առայժմ լոկ ծանուցել է (այլ ոչ թե առաջադրել)։

Ուրեմն ի՞նչ իմաստ ունի ներկայանալ ոչ թե զուտ որպես սգացող քաղաքացի Ավինյան, որը ծաղիկներ է բերել ողբերգության վայր, այլ Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու։ Թե որն է զոհվածների արյան, ողբերգության վրա սգո օրով այդչափ էժանագին անբարո ինքնագովազդման իմաստը, հայտնի է թերևս միայն իրեն՝ Ավինյանին, որը փորձեց, ինչպես իրեն է թվում, որսալ հարմար պահը, առիթը բաց չթողնելով հիշեցնել իր մասին, աչքի ընկնել։ Իսկ կողքից նայելիս ակնհայտ է, որ ՔՊ քաղխորհրդի անդամի ու քաղաքապետի ապագա թեկնածուի համար գոյություն չունեն բարոյական որևէ արգելակներ կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, կարմիր գծեր, արժեհամակարգի սանդղակ, համենայնդեպս՝ ինչպիսին ընդունված է նորմալ քաղաքացիների շրջանում։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ կերպ Ավինյանը պաշտոնապես դեռ չէր ներկայացել, նույնիսկ երբ խոսում էր քաղաքային ծրագրերի մասին, օրինակ՝ մետրոյի «Աջափնյակ» և «Փեթակ» կայարանների կառուցման և 250 էլեկտրաբուսների գնման, ապա կարելի է համարել, որ օգոստոսի 17-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի հիշատակին նվիրված սգո օրը, ՔՊ կուսակցությունը՝ ի դեմս քաղաքապետի իր ծանուցած թեկնածուի, ոչ պաշտոնական մեկնարկ տվեց մայրաքաղաքի նախընտրական քարոզարշավին։

Այս ամենը խորապես զայրացրել է մեր շարքային համաքաղաքացիներից շատերին, որոնք չեն հապաղել սոցցանցերում արտահայտել իրենց բացասական վերաբերմունքը Տիգրան Ավինյանի արարքի նկատմամբ։ Բայց գլխավորն այն է, որ օգտատերերից շատերը կոչ են արել, որ հետագայում, երբ մայրաքաղաքի նախընտրական քարոզարշավն իսկապես մեկնարկի, հիշել, որ այդ մարդը, որը գեղեցիկ խոստումներ է տալու, իր նախընտրական արշավը սկսել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհվածների արյան վրա, և իր հարազատ «Քաղաքացիական պայմանագիրը» կես բառով անգամ չի նախատել նրան: Այդպիսին են նրանց «արժեքները», ինչում համոզվում ենք, ավաղ, ոչ առաջին անգամ