Թուրքիայում խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նույնիսկ չհիշատակելով Հայաստանը
Թուրքիայում ակտիվացել են «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները։ Հատկանշական է, որ թուրք պաշտոնյաները խոսում են «միջանցքի» մասին՝ նույնիսկ չհիշատակելով Հայաստանը։
Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասը՝ Սյունիքը (Զանգեզուր) բռնակցելու փորձի մասին է։
Ինչպես ԱՊԱ-ին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության առևտրի փոխնախարար, մաքսային բաժնի ղեկավար Ռեզա Թունա Թուրագայը, նախատեսվում է ընդլայնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև «Արտոնյալ առևտրային համաձայնագրի» շրջանակը։ Ռ.Թ. Թուրագայը նշել է, որ նպատակ է դրվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 15 միլիարդ դոլարի հասցնել. «Այս պահին մեր ապրանքաշրջանառությունը մոտ 5 միլիարդ դոլար է կազմում։ 2021 թ. մեր ներմուծումը կազմել է 2.3 մլրդ դոլար, իսկ արտահանումը` 2.7 մլրդ դոլար։ Մենք աշխատում ենք ապրանքաշրջանառության այս ծավալն ավելացնելու ուղղությամբ»։
Նրա խոսքով՝ առևտրային հարաբերությունների ընդլայնման համար կարևորագույն հարցերին մեկը «Զանգեզուրի միջանցքի բացումն է»։ «Այդ միջանցքի բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու տեսանկյունից՝ առևտրի ծավալներն ավելացնելու համար։ «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի ամենամոտ ապագայում»,- ասել է թուրք փոխնախարարը՝ այդպիսով ակնարկելով Ռուսաստանի հետ ինչ-որ գաղտնի բանակցությունների մասին։
News.am