Թշնամուն հանձնվող Ներքին Սուսի 12 ընտանիքները հեռացել են գյուղից
Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվող Արցախի Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղում բնակվող 12 ընտանիքներն արդեն հեռացել են, մնացել է մեկ բնակիչ, նա ևս օրերս կհեռանա գյուղից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նեքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը:
«Պատերազմից հետո գյուղում ապրում էր 12 ընտանիք, նրանք հիմնականում ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստանի տարբեր շրջաններ, միայն մեկ ընտանիք է, որ ցանկանում է Արցախում վերաբնակություն հաստատել: Գյուղում այս պահին էլեկտրաէներգիա չկա, կապ չկա, ամեն ինչ ապամոնտաժվել է»,- ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ բնակիչները նաև տեղափոխել են իրենց հարազատների աճյունները գերեզմաններից:
«2020 թվականի պատերազմից հետո մտածում էինք, հույս ունեինք, որ Սուս, Բերձոր և Աղավնո համայնքները կմնան որպես միջանցք, հույս ունեինք, որ նորից Սուսի բնակիչները կվերադառնան, կապրեն, սակայն իրադարձություններն այլ կերպ զարգացան: Այս երկու տարվա մեջ վերքերը դեռ չսպիացած նորից ցավացրեցին ժողովրդին, բնակիչները շատ տխուր են, նեղված: Օգոստոսի 20-ին ես մեր համայնքի Զորավարների պուրակում մոմավառություն էի կազմակերպել, որտեղ մենք խոստացանք մեր հող ու ջրին, որ նորից հետ ենք վերադառնալու, մենք հրաժեշտ չտվեցինք մեր հող ու ջրին: Ամեն դեպքում հնարավոր է, այդ հույսը կա, որ ինչ-որ ժամանակ կգա, որ մենք մեր հողը կազատագրենք»,- ասաց նա:
Համայնքապետը նշեց, որ գյուղացիները սկզբում որոշել էին տները այրել, հետո մտափոխվել են, քանի որ իրենց ծանր աշխատանքով են ստեղծել, միայն այրվել են գյուղին հարակից խոտհարքները:
Նշենք, որ պատերազմից առաջ գյուղում բնակվել է 49 ընտանիք, որոնք Ներքին Սուսում բնակություն էին հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարբեր շրջաններից:
Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։ Բնակչության հիմնական մասն արդեն հեռացել է բնակավայրերից: