Հարություն Մերդինյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մյունխենում անցկացված Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգթափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,733 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։
Նժույգ թափեր վարժության Եվրոպայի 2021 թվականի չեմպիոն Արթուր Դավթյանը 14.033 միավորով ելույթն ավարտել է 6-րդ հորիզոնականում։ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է հենացատկից։ Նա երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր։ Ի դեպ, չեմպիոնի կոչումը նվաճած բրիտանացի մարզիկը նույնքան միավոր էր հավաքել։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը հանդես է եկել օղակների եզրափակչում և վաստակելով 14,766 միավոր՝ ելույթն ավարտել 4-րդ հորիզոնականում։ Այս վարժությունում մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,733 միավոր է վաստակել և զբաղեցրել վերջին հորիզոնականը։
Նշենք, որ մրցաշարին Հայաստանի մեծահասակների հավաքականը հետևյալ կազմով է ներկայացել՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան։
Մարզիչներն են՝ Հայկ Նազարյան, Աշոտ Գասպարյան։
Երիտասարդական հավաքականը հետևյալ կազմով է հանդես գալիս՝ Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյանը, Էրիկ Բաղդասարյանը, մՄարզիչ՝ Արտակ Այդինյան։ Հայաստանի հավաքականը ԵԱ-ին նախապատրաստվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում:
Armenia Today