«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են անում

«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով հստակ օր հայտարարել, թե իրենք երբ կարող են վերադառնալ աշխատանքի։

Բանն այն է, որ օգոստոսի 14-ին «Փեթակի» հարևանությամբ գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն։ Դրանից հետո ԱԻՆ ծառայողներն, ավելի քան մեկ շաբաթ է՝ իրականացնում են որոնողափրկարարական, մաքրման և ինժեներական աշխատանքներ, և հարակից փողոցը ներկա պահին փակ է անցուդարձի համար։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի դեպի «Փեթակ» տանող ճանապարհներից մեկը բացվի, և մենք կարողանանք մուտք գործել։ Սևանի փողոցով էլ ճանապարհը դուրս է գալիս, կարող են մարդիկ այդ կողմով գալ-գնալ։ Մենք հանդիպել ենք ԱԻՆ փոխնախարարի հետ` Ստեփանյանի (Հայկ Ստեփանյան)։ Մեզ ասացին, որ այժմ քննիչն էլ է աշխատում, ինքն էլ սպասում է իր վերադասի պատասխանին, որպեսզի ճանապարհը բացեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց անհատ ձեռներեց Սարգիս Ղազարյանը։

Նրա խոսքով` իրենք այսօր կսպասեն, մինչև տեսնեն, թե ինչ պատասխան կամ առաջարկ են անելու։ «Փեթակի» աշխատողներն ընդգծեցին, որ իրենք վարկեր ու հարկեր պետք է մուծեն ու 1 շաբաթից ավելի չեն աշխատել, հետևաբար խնդիրների առջև են կանգնում։

ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են, որպեսզի կարողանան ելք գտնել տնտեսվարողների՝ բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։

Sputnik Արմենիա