Երևանի բյուջեն զրկվել է 6 մլրդ 867 մլն դրամի եկամտից

Պետական վերահսկողության ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում իրականացված մշտադիտարկումների արդյունքները. պարզվել է, որ համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6 մլրդ 867 մլն դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից։ Տեղեկությունը հայտնում է ՊՎԾ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից շինարարության թույլտվությունների ժամկետների խախտման դեպքերով կատարվել են ժամկետների երկարաձգումներ։ Սակայն դրա համար չեն կիրառվել օրենքով նախատեսված նախահաշվային արժեքի 1 և 10 տոկոսների չափով վարչական տուգանքներ։ Բացի այդ, որոշ օբյեկտների մասով չեն ներկայացվել նաև օտարման վերաբերյալ դատական հայցեր, այնինչ, դրանք ենթակա էին օտարման։

«Ընտրանքային կարգով առանձնացվել են 43 խոշոր օբյեկտներ, որոնց նախահաշվային գները կազմել են 56 մլրդ 488 մլն դրամ, որի տուգանքները կազմել են 6 մլրդ 213 մլն դրամ։ Մինչդեռ 2011-2021թթ. համայնքի պաշտոնատար անձինք տուգանքներ չեն կիրառել, և համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6 մլրդ 867 մլն դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից»,- նշում է ՊԵԿ-ը։

Միաժամանակ, պարզվել է նաև, որ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի որոշումներով օրինականացվել են 3337 ինքնակամ կառույցներ, որոնցից 2491-ի մասով ինքնակամ շինարարություն իրականացրած անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել։ Արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է ևս 653 մլն դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից:

Այս խախտումները ՊՎԾ-ն ուղարկել է գլխավոր դատախազություն։

Sputnik Արմենիա