Դիլիջանում ամփոփվել են «Ռազմիկ» մրցաձևի արդյունքները

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում «Ռազմիկ» մրցաձևի երեք՝ «Ռազմակիրառական համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում», «Դիպուկահար» մրցափուլերի արդյունքների ամփոփումից հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել Ղազախստանի թիմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ օգոստոսի 22-ին անցկացվել է «Ռազմիկ» մրցաձևի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցափուլը: Մասնակիցները կրակային երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է տասական փամփուշտ:

Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի զինվորականները, երկրորդը՝ Ղազախստանի, երրորդը՝ Բելառուսի զինծառայողները:

Հիշեցնենք, որ 2009 թվականից ի վեր «Խաղաղության մարտիկ» մրցույթն անցկացվում է ամեն տարի: 2018 թվականին միջոցառումը ներառվել է Միջազգային բանակային խաղերի ցանկում, որոնց հիմնական մասն անցկացվում է Ռուսաստանում:

Sputnik Արմենիա