ՕՐԵՆՔ ՊԵՏՔ ՉԷ. ԿՑԱՆԿԱՆԱՆ՝ ՍԱՐԻ ՊԵՍ ԿԿԱՆԳՆԵՆ ԹԻԿՈՒՆՔԻՆ, ԿՑԱՆԿԱՆԱՆ՝ ՎԱՐԻ ԿՏԱՆ

Հո իր համար չի արել Մարությանը, իր գրպանը չի դրել... Կոռուպցիան սեփական դիրքի, լիազորությունների չարաշահումն է, երբ անձնական շահ ունես, իսկ այստեղ բոլորովին այլ բան է, սա Երևանի համար է... Անշուշտ, ընթերցողները հիշում են այս սերտած «արդարացումները», որ շռայլում էին ներկայիս իշխանության ներկայացուցիչները գրեթե երեք տարի առաջ, երբ բռնկվեց թույլատրության փաստաթղթերի դիմաց նվեր ստացած ԿամԱԶ-ների հետ կապված սկանդալը:

Իսկ հիմա պարզվում է, որ «քաղաքապետարանի պաշտոնատար անձանց անգործության հետևանքով Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ շուրջ 6,9 մլրդ դրամի եկամտի հնարավորությունից»։ Այս մասին հայտնել է Պետական վերահսկողական ծառայությունը։ Եվ «պարզվեց» դա լոկ այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նախկին քաղաքապետի հեռանալուց և այնուհետ նրա սկանդալային հրաժարականից հետո ՊՎԾ-ն որոշեց ստուգումներ անցկացնել քաղաքապետարանում։ Այնինչ մինչ այդ ՔՊ-ականներն ինքնամոռաց պաշտպանում էին իրենց քաղաքապետին…

ՊՎԾ-ի մշտադիտարկման տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց անգործության արդյունքում Երևանի բյուջեն զրկվել է մոտ 6,9 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորությունից: Ըստ հաղորդագրության՝ պարզվել է, օրինակ, որ «ընտրանքային կարգով առանձնացվել են թվով 43 խոշոր օբյեկտներ», որոնց նախահաշվային արժեքը կազմել է 56,4 մլրդ դրամ, որի համապատասխան տուգանքները կազմել են 6,2 մլրդ դրամ, մինչդեռ 2018-2021 թվականներին «համայնքի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված վարչարարությունը չի իրականացվել», և արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է 6,2 մլրդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից: Պարզվել է նաև, որ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով օրինականացվել է 3337 ինքնակամ կառույց, ընդ որում դրանցից 2491-ի մասով ինքնակամ շինարարություն իրականացրած անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, մինչդեռ ինքնակամ շինարարության իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ ևս 653,4 մլն դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից։

Ցուցանշական է, որ սա ստուգումների արդյունքում ՊՎԾ-ի հայտնաբերած խախտումների լոկ մի մասն է։ Իսկ 2018-2021 թթ. ընթացքում թույլ տրված խախտումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 15,8 մլրդ դրամ, ինչի մասին ՊՎԾ-ն հայտնել է մի քանի շաբաթ առաջ։ Ստուգումները ներառել են տարբեր ոլորտներ. քաղաքի փողոցների ընթացիկ վերանորոգումից և բարեկարգումից մինչև քաղաքապետարանի իրավասության տակ գտնվող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» կազմակերպությունների գործունեությունը։ Խոշոր խախտումների շարքում ՊՎԾ-ն նշում է, մասնավորապես, գույքահարկի և հողի հարկի բազային տվյալների նվազեցումը շուրջ 7,1 մլրդ դրամով, տվյալների բազաներում ավելի քան 5 հազար տրանսպորտային միջոցների բացակայությունը կամ դրանց չհիմնավորված դասումը օտարված տրանսպորտային միջոցներին, ինչի արդյունքում բյուջեն չի ստացել շուրջ 331 մլն դրամի գույքահարկ։ Եվս մոտ 80 մեքենա օտարվել է առանց գույքահարկի 4.3 մլն դրամի պարտավորությունը մարելու: Փողոցների և ճանապարհների վերանորոգման աշխատանքների շրջանակներում ստուգումները բացահայտել են միջոցների ոչ նպատակային օգտագործում և չկատարած աշխատանքի դիմաց վճարման դեպքեր՝ շուրջ 542,7 մլն դրամի։

Կրկնենք, Երեվանի քաղաքապետարանի կողմից 2018-2021 թթ. ընթացքում թույլ տրված խախտումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 15.8 մլրդ դրամ։ Դա՝ եթե հավատանք ՊՎԾ մշտադիտարկման արդյունքներին, որը ստուգումներով խցկվեց քաղաքապետարան միայն սիրելի քաղաքապետի հետ իշխող ուժի սկանդալային «ապահարզանից» հետո։ Նույն այն Մարությանի, որին կոռուպցիոն գործարքների մեջ կասկածելը ՔՊ-ում համարում էին գրեթե մահացու մեղք։ Եվ դեռևս 2019-ի դեկտեմբերին կտրականապես հրաժարվեցին աշխատել այն ժամանակվա ընդդիմության կողմից իրավունքի ուժով ստեղծված ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովում՝ «2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերը» ընդարձակ անվանումով:

ՔՊ-ականներն ախր այն ժամանակ էլ կոչ էին անում հավատալ միայն իրենց ազնիվ խոսքին, իբր՝ կոռուպցիան քաղաքապետարանում, որտեղ քաղաքապետի դերում պաշտոնավարում է անսխալական Մարությանը՝ անձեռնմխելիների կաստայից, անհնար է։ Իսկ այժմ կոչ են անում հավատալ այժմ արդեն շնորհազրկված Մարությանի կառավարման օրոք Երևանի քաղաքապետարանում թույլ տրված խայտառակ խախտումների մասին ՊՎԾ-ի պաշտոնական հաղորդագրություններին։ Ամեն դեպքում, հավատալ ՊՎԾ-ի հաղորդագրություններին, թե ոչ, առանձնապես կարևոր չէ: Եզրակացությունը մեկն է. իշխող ուժը ստում է՝ առանց աչքը թարթելու, ստում էր այն ժամանակ, երբ պաշտպանում էր Մարությանին ու տապալում ժողովրդի կողմից «ԿամԱԶգեյթ» անվանումն ստացած խորհրդարանական հանձնաժողովը՝ դրա նախաձեռնողներին կոչելով հակահեղափոխականներ, ստում է նաև այսօր, ձևանալով կոռուպցիայի դեմ պայքարող անհաշտ մարտիկ և «բացահայտելով» 2018-2021թթ. ժամանակահատվածում թույլ տրված խախտումները քաղաքապետարանի աշխատանքում։

Ասվածը բնավ չի նշանակում, թե խախտումներ չեն եղել։ Խոսքն այն մասին է, որ իշխող ուժը, որը հավաստիացնում էր, թե անհանդուրժող է չարաշահումների և դրանց սքողման հանդեպ, այդ հարցում առաջնորդվում է բացառապես նպատակահարմարությամբ. ցանկացավ շեֆը՝ սարի պես կանգնեցին «յուրայինի» թիկունքին, իսկ այժմ ցանկացավ՝ վարի տվեցին։ Հընթացս էլ դաս է կլինի կեռիկներից շարքով կախած իր «ուսապարկերին», ինչպես ասում են, որ խելոք մնան