ՔԵՐՈԲՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՓՈԹԻ-ԿՈՎԿԱՍ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ, ԲԱՅՑ ՉԿԱ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեռ տեղեկություն չունի Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցության ստույգ ժամկետների վերաբերյալ։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից, ներկայում աշխատանքներ են իրականացվում նախարարության և օպերատորի (C&M International տեղական լոգիստիկ ընկերություն – խմբ.) միջև պայմանագրի կնքման նպատակով։
Բանն այն է, որ դեռ օգոստոսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հույս հայտնեց, որ Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցությունը կգործի առաջիկայում։ Նա նաև խոստացավ, որ մի քանի օրվա ընթացքում կհրապարակվի այդ երթուղու ժամանակացույցը։ Սակայն մինչ օրս նորություն չկա։
Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման գերատեսչությունից պարզաբանեցին, որ լաստանավային հաղորդակցության օպերատորն արդեն իսկ պայմանագիր է կնքել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի հետ։
«Առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների` լաստանավերով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու նպատակով շարունակվում են անհրաժեշտ աշխատանքները», – նշել են պատասխանում։
Էկոնոմիկայի նախարարությունում վստահ են, որ լաստանավային հաղորդակցությունը դրական կազդի միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանման ցուցանիշների վրա։ Մասնավորապես` լաստանավային հաղորդակցության գործարկումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերություններին «Վերին Լարսի» անանցանելիության պարագայում սեզոնային բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն ավելի հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, արագացնել բեռների փոխադրումը և խթանել միջազգայինշուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Բացի այդ լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի «Վերին Լարսին»։
Ինչո՞ւ է որոշվել, որ պետությունը կսուբսիդավորի միայն 6 ամիս։
Պետությունը լաստանավային հաղորդակցության համար տնտեսվարողներին խոստանում է փոխհատուցել առաջին կես տարին։ Այդպիսով, յուրաքանչյուր փոխադրում իշխանությունների համար կարժենա 120 հազար դոլար։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ նշված ժամկետն ընտրվել է` հաշվի առնելով սեզոնայնությունը։
«Սուբսիդավորման ժամանակահատվածն ընտրված է` հաշվի առնելով սեզոնայնությունը և «Վերին Լարսի» անանցանելիության պարագայում, որպես այլընտրանքային միջոցի դիտարկում», – ասվում է պատասխանում։
Նշվում է, որ սուբսիդավորումը բեռնափոխադրողներին թույլ կտա պահպանել (Լարսով իրականացվող – խմբ.) ապրանքների փոխադրման ներկայիս սակագները։ Ինչ վերաբերում է լաստանավային փոխադրումներով բեռների տեսակներին և ծավալներին, ապա այդ մասով սահմանափակումներ չկան։
Միևնույն ժամանակ օգոստոսի 12-ին Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը խնդրանքով դիմել է Վրաստանի կառավարությանը ուսումնասիրելու Լարսին որպես այլընտրանք ծովային տրանսպորտի օգտագործման հնարավորությունը։ Տեքստում նշվում է, որ նամակում հայկական կողմն ընդգծել է սննդամթերքի, արագ փչացող ապրանքների և էսենցիաների բեռնափոխադրումը։
Հիշեցնենք, որ վրացական Փոթի և ռուսական Կովկաս նավահանգիստների միջև լաստանավային կանոնավոր հաղորդակցություն պետք է գործարկվեր հունիսի 15-ից։ Սակայն դա տեղի չունեցավ քաղաքական պատճառներով։ Փոթի նավահանգիստը կառավարվում է հոլանդական APM Terminals–ի դուստր ձեռնարկությունը, որը պետք է թույլտվություն ստանա գլխամասային ընկերությունից լաստանավային հաղորդակցությանը կանաչ լույս տալու համար։
Հայաստանը վաղուց Լարսին որպես այլընտրանք դիտարկում է բեռնափոխադրումների մուլտիմոդալ տարբերակը։ Ենթադրվում է, որ Հայաստանից բեռները երկաթգծով կամ բեռնատարներով կհասցվեն Փոթի, որտեղից էլ կոնտեյներներով` լաստանավ` մինչև ՌԴ-ի Կովկաս նավահանգիստ և ՌԴ այլ քաղաքներ։
Լաստանավային փոխադրումից կկարողանան օգտվել միրգ ու բանջարեղեն արտահանողները, որոնց սեզոնային փոխադրումների ծավալը դեպի Ռուսաստան հունիսից կտրուկ ավելացել է։ Լաստանավի տարողունակությունը 50 բեռնատար է և 40 վագոն։ Ընդ որում` ՀՀ կառավարությունն առաջին 6 ամիսներին գործարարների համար ամբողջությամբ սուբսիդավորելու է լաստանավային ծախսերը։
Լաուրա ՍԱՐԳՍՅԱՆ, Sputnik Արմենիա