ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐՆԵՐԸ
Իշխանության զավթումը 2018 թվականին ուղեկցվել է տարածքային կորուստներով
«Հայ կոմունիստ-բոլշևիկների խնդիրն է՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, ինչը կարագացնի Հայաստանի խորհրդայնացումը։ Հանուն այդ նպատակի պետք է բոլոր միջոցներով լուծարել պատերազմող հայկական բանակը»,- նշված է հատուկ գաղտնի գրության մեջ (Բաքու, 1920 թ.սեպտեմբերի 20)՝ Սարգիս Կասյանի, Ասքանազ Մռավյանի, Ավիս Նուրիջանյանի, Շավարշ Ամիրխանյանի, Իսահակ Դովլաթյանի, Աշոտ Հովհաննիսյանի ստորագրությամբ։ Ստորև ընթերցողը կհամոզվի, որ հայ հեղափոխականների առջև 21-րդ դարում նույն խնդիրն է դրված։
2019 թվականին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը մտադրվել էր իրենով անել «Մոնթե Մելքոնյան» կրթահամալիրին պատկանող անշարժ գույքը Դիլիջանում: Նրա դեմ հանդես եկավ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Երբ Փաշինյանը Զինված ուժեր վերադարձրեց Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատված Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին, որը 2016 թվականի ապրիլին չէր ապահովել նախազգուշացման աշխատանքը Արցախի շփման գծի ողջ երկայնքով նախապատրաստվող ադրբեջանական ագրեսիայի մասին, ակնհայտ դարձավ, որ ռեժիմի պարագլուխը գործում է խստիվ նախորոշված ծրագրով։ Կարապետյանին ԶՈՒ-ում վերականգնեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքներ տալուց հետո։
Զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը՝ Կարապետյանը ստիպեց հրաժարական տալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանին։ Համալսարանը ենթակա է ՊՆ-ին, իսկ որպեսզի պետությունը զրկվի բանակից, ըստ Ալիևի հրահանգի, պետք է զրկել նրան դասավանդող կադրերից։ Համալսարանի աշխատակիցները շատ լավ գիտեին, թե ով է Կարապետյանը, ուստի դիմավորել էին նրան անբարյացակամորեն. արդյունքում նախարարը գլխատեց ուսումնական հաստատությունը…
Իշխանության հակասահմանադրական զավթումից հետո ռեժիմի կողմն անցան ոչ միայն նրանք, ովքեր նախկին իշխանության օրոք էլ հեղինակություն չեն վայելել ուժային կառույցներում (օրինակ, Վաղարշակ Հարությունյանը՝ «ռեստորանային գեներալ» մականունով), այլև փորձառու ուժայինները։ Օրինակ՝ գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը։ 2020թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրումից հետո նա մասնակցում էր «Հայրենիքի փրկության շարժման» ակցիաներին, իսկ այս տարվա մայիսին եկավ Թատերական հրապարակ՝ աջակցելու Արթուր Վանեցյանին։ Փաշինյանի ռեժիմին միացավ նաև Ֆելիքս Ցոլակյանը, որը աշխատանքի մեծ փորձ ուներ ուժային կառույցներում և նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ 2017-ին նա խորհրդարան էր անցել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով, հետո անցավ Փաշինյանի կողմը…
Պրոֆեսիոնալները պետք էին միայն անցումային փուլում, քանի դեռ Փաշինյանը վերջնականապես չէր ձևավորել պետական անվտանգության ողջ համակարգի գերեզմանափորների թիմը։ Մինչ օրս չկան 44-օրյա պատերազմի թեժ պահին ԱԱԾ ղեկավարի պաշտոնից Արգիշտի Քյարամյանի ազատման պաշտոնական հիմնավորումներ։ Որպես կանոն, պատերազմի ժամանակ նման պաշտոններից մարդկանց չեն ազատում առանց ծանրակշիռ պատճառների, իսկ Քյարամյանին ոչ միայն ազատեցին, այլև ուղարկեցին Շուշիի պաշտպանության շտաբ՝ օժտելով անսահմանափակ լիազորություններով։
Շուշիում Քյարամյանի առաքելության մասին նույնպես ոչինչ հայտնի չէ, քաղաքը հանձնել են նրա հեռանալուց անմիջապես հետո։ Մինչև հիմա ոչ ոք չի հիմնավորել, թե ինչու պաշտպանության նախարարի դերում պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում «ռեստորանային գեներալ» Հարությունյանը հետ քաշեց հայկական զորքերն այն տարածքներից, որոնք չէր պահանջվում հանձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։
Ինչո՞ւ այդ նախարարը ադրբեջանցիներին հանձնեց Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածը, Կապանի օդանավակայանի շրջակայքը, Սև լճի ավազանը և այլ տարածքներ: Հրաժարականից հետո «Զինուժ մեդիային» տված հարցազրույցում նա հայտարարեց, թե Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհն անվտանգ է, բայց միաժամանակ կոչ արեց սյունեցիներին չնախատեսված հանգամանքների դեպքում անմիջապես զանգահարել ԱԱԾ թեժ գիծ: Այս գեներալի հեղինակությունը միշտ էլ իրենից առաջ է ընկել։ Վերադարձնել նրան ուսադիրները, որոնցից զրկվել էր քաղաքական արկածախնդրություններին մասնակցելու պատճառով, և բարձր պաշտոններ վստահել նրան ՊՆ-ում կարող էր միայն նա, ով նպատակ ուներ փլուզել բանակը։
Պրոֆեսիոնալները համանման կարծիք հայտնեցին նաև Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակումից հետո։ Գուցե հենց ա՞յդ պատճառով Փաշինյանը երկու անգամ վստահեց նրան այդ պաշտոնը։ Ստույգ հայտնի է, որ Գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս գեներալ Մովսես Հակոբյանը փորձել է համոզել Փաշինյանին, որ չնշանակի Դավթյանին, մատնանշելով, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի շրջանում մենք հակառակորդին զիջել ենք զգալի տարածքներ, մասնավորապես՝ Զանգակատան հատվածում ադրբեջանցիները առաջ են եկել 6 կիլոմետրով… Տարածքներ ենք կորցրել նաև Արենիի ուղղությամբ, բայց Փաշինյանն այդ փաստարկներն անտեսել է։
Այն մասին, որ նախքան իր գործակալական անցյալի բացահայտումը խոսնակ Արարատ Միրզոյանը ակտիվորեն լոբբինգավորում էր Դավիթ Տոնոյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում, մենք արդեն հիշատակել ենք վերջին հրապարակումներից մեկում, ուստի չենք կրկնի, կսահմանափակվենք լոկ հիշեցումով, որ Տոնոյանը դարձավ այն նախարարը, որի օրոք խայտառակ կերպով տանուլ տրվեց 44-օրյա պատերազմը։ Իսկ գեներալ Հարությունյանը բոլոր 44 օրերին եղել է ռազմական հարցերով Փաշինյանի խորհրդականը…
Հաղթանակի գեներալներից վերջինը
Գեներալ Գրիգորի Խաչատուրովը (գեներալ Յուրի Խաչատուրովի ավագ որդին) դարձավ գեներալներից վերջինը, ով ջախջախեց հակառակորդին: Իր պաշտոնավարման մինչև վերջին օրը նա ապահովել է Տավուշի բնակիչների անվտանգությունը։ Խաչատուրովը վերջին գեներալն էր, որ անտեսեց հակառակորդի վրա կրակ չբացելու հրամանը. նրա հրամանատարության ներքո զինվորներն ու սպաները ճշգրտորեն կատարում էին այն, ինչ պարտավորեցնում է զինվորական կանոնադրությունը։
Ռեժիմը Խաչատուրովից ազատվեց առաջին իսկ հնարավորության դեպքում՝ չերկարաձգելով ծառայությունը շարունակելու պայմանագիրը։ 44-օրյա պատերազմին մասնակցած բանակային զորամիավորման հրամանատարի պաշտոնազրկման գործում բնավ անմասն չէին Արտակ Դավթյանն ու Վաղարշակ Հարությունյանը։ Հենց այդ պարոնայք անցկացրեցին Զինված ուժերի «օպտիմիզացիա»՝ փորձառու և պրոֆեսիոնալ կադրերի հաշվին, այդպիսով կատարելով բանակը փլուզելու ռեժիմի պարագլխի գաղտնի հրահանգը։
Շատերը կհիշեն պաշտպանության նախարարի պաշտոնում Կարապետյանի առաջին հայտարարությունը՝ ՀՀ պետական սահմանը խախտող յուրաքանչյուրի ոչնչացման մասին։ Որևէ մեկը գիտի՞, թե ինչու են ադրբեջանցի զավթիչներն առ այսօր գտնվում ինքնիշխան Հայաստանի տարածքում: Վարչապետի պաշտոնում առաջին իսկ օրից Փաշինյանի կադրային քաղաքականությունը միտված է եղել ուժային կառույցների փլուզմանը։ Այսօր ԶԼՄ-ները գրում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մոլուցքի մասին՝ փողառատ պաշտոններում նշանակելու իր ընկերներին ու ազգականներին։ Ասված ամենը չի նշանակում, թե նախկին ղեկավարների օրոք կադրային սխալներ չեն եղել։ Օրինակ, Անդրանիկ Քոչարյանը Շիրակի մարզում կառավարության լիազոր ներկայացուցիչ է նշանակվել պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի ձեռքով։ Այդ նշանակման հետևանքների մասին այնքան է գրվել, որ կրկնելն իմաստ չունի։ 2019թ. հունվարի 18-ին Քոչարյանը նշանակվեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, իսկ 2021թ. արտահերթ ընտրություններից հետո կրկին գլխավորեց այդ հանձնաժողովը…
Ինչպես էր այդ ամենը 2012-ին
Հրապարակման ձևաչափը թույլ չի տալիս մի ամբողջ շարք համեմատություններ բերել նախկին և ներկա ուժայինների միջև։ Սահմանափակվեմ միայն մեկ օրինակով. նախկին իշխանության նույնիսկ այնպիսի խորշելի կերպարը, ինչպիսին Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն էր, իրեն թույլ չի տվել բռնության նշույլ անգամ կիրառել փողոցային բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ։
Քչերն են այսօր հիշում «Մի՛ ենթարկվիր Սերժ Սարգսյանին» շարժման Տեր-Պետրոսյանի կողմնակիցների գործողությունները։ Ասել, թե շարժման ակտիվիստները փողոցներում ագրեսիվ ու հանդուգն էին պահում իրենց, կնշանակի՝ ոչինչ չասել։ Նազարյանը բռնության ոչ մի ակտ թույլ չի տվել մայրաքաղաքի կենտրոնում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ։ Դա 2012-ի աշնանն էր, երբ Երևանի կենտրոնում բազմաթիվ պատերի վրա գրաֆիթիներ էին պատկերված՝ Սերժ Սարգսյանի վրան խաչ քաշած դիմանկարի տեսքով։
Դրանք նկարում էին ՀԱԿ-ի երիտասարդական թևի ներկայացուցիչները՝ հիշյալ շարժման մասնակիցները։ Եթե երիտասարդներն այսօր իրենց այդպիսի արարքներ թույլ տային Փաշինյանի դիմանկարի նկատմամբ, ապա այդ ակցիաների մասնակիցներն արդեն իրենց օրերը կարճելիս կլինեին Վարդաշենի գաղութում։
Չեմ կարող վերջակետ դնել՝ առանց հիշեցնելու, թե ինչպես 2021-ի տարեվերջին Փաշինյանը հիմնավորեց ԱԱԾ-ի նոր խնդիրները «խաղաղության դարաշրջանի» մոտեցման լույսի ներքո։ «Ըստ էության, տարածաշրջանում ձևավորվում է նոր իրավիճակ, երբ Հայաստանի կառավարությունը հռչակել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այս նոր միջավայրում Ազգային անվտանգության ծառայության առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու», - հայտարարեց ռեժիմի պարագլուխը:
Նրա խոսքերով՝«քաղաքական գործընթացների ճշգրիտ ապահովման համար մենք ԱԱԾ-ի աջակցության կարիքն ունենք»: Ուշադրություն դարձրեք. ԱԱԾ-ի քաղաքականացման մասին Փաշինյանը հայտարարեց բաց տեքստով, ընտրելով պետության անվտանգության համար պատասխանատու կառույցի ոչնչացման ամենակարճ ճանապարհը։ Նման ճակատագրի արժանացավ նաև ոստիկանության ծառայությունը, ինչի մասին վկայում է հանցավորության աննախադեպ աճը։
Անվտանգության ոլորտում կադրային քաղաքականության և որոշումների (օրինակ, ՊՆ-ի կողմից հաստատված սպառազինության գնման պլանի չեղարկման մասին՝ 44-օրյա պատերազմից առաջ) համակողմանի վերլուծությունը վկայում է պետության անվտանգության համար պատասխանատու կառույցների փլուզման ուղղությամբ ռեժիմի ղեկավարի քայլ առ քայլ, լավ մտածված քաղաքականության մասին։ Գործընթացը շարունակվում է…