ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ, կամ՝ ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԾՈՌՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Պացիֆիզմ, կամ՝ ՔՊ-ն վերակենդանացնում է ՀՀՇ-ի ավանդույթները
Փաշինյանը չի կարող չգիտակցել իր ռեժիմի գլխավերևում կախված սպառնալիքների ողջ ծանրությունը։ 2018 թվականի ապրիլին համընդհանուր էյֆորիայի ալիքի վրա իշխանությունը զավթած կառավարության ղեկավարն այսօր երկրում ու նրա մայրաքաղաքում տեղաշարժվում է զինված թիկնազորի ուժեղացված խմբերի ուղեկցությամբ: Միանգամից ասեմ, որ ռեժիմի պարագլխի թիմակիցներից շատերը կասկածում են, թե նա կհամարձակվի համագումար անցկացնել սեպտեմբերի 18-ին, չափից ավելի է նա մտահոգված սեփական անվտանգության խնդիրներով։
Շատերը համարում են, որ ԱԱԾ-ի եվ անձնական թիկնազորի ձեռնարկած ոչ մի միջոց չի ստիպի Փաշինյանին բարձրանալ համագումարի ամբիոն, մյուս կողմից՝ կուսակցության գլխավոր միջոցառման հետաձգումը բազմաթիվ ասեկոսեների առիթ կտա և կասկածի տակ կդնի իշխող ուժի ու դրա առաջնորդի գործունակությունը: Եթե Էդգար Ղազարյանին հաջողվի օգոստոսի 23-ի հանրահավաքից հետո սաստիկ ճոճել նավակը, ապա համագումարը հաստատ կհետաձգեն. Փաշինյանը չի համարձակվի համագումար անցկացնել փողոցային ընդվզումների խորապատկերին։ Սեպտեմբերի 2-ից փողոց կվերադառնա նաև «Դիմադրություն» շարժումը…
Զարմանալի չէ, որ հենց այս օրերին առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հանդես եկավ իշխող կուսակցությանը պացիֆիզմի գաղափարախոսությամբ օժտելու նախաձեռնությամբ։ «Գերյուրաժամանակ» մտահղացում՝ համագումարին ընդառաջ։ Որպես նկարազարդում հարմար կլինեն բողոքի ակցիաների լուսանկարները, օրինակ՝ ակցիայի մասնակցին կոկորդից բռնած խեղդող ոստիկանի պատկերով, կամ այն կադրը, որում ոստիկանը ասֆալտին է զարկում ակտիվիստի գլուխը…
Մեծ հաշվով, խոսքը գրագողության մասին է, Աշոտ Բլեյանից գողացել են այն գաղափարը, որը ծնվել է անցած դարի 90-ական թվականներին։ Բաքու այցելելուց հետո Բլեյանը չէր կարողանում թաքցնել հիացմունքը լույսերով ողողված ադրբեջանական մայրաքաղաքով, երբ երևանցիները օր ու գիշեր անցկացնում էին վառարանների ու նավթավառների մոտ։ Բլեյանը պացիֆիզմ էր դավանում՝ սեփական ժողովրդի դեմ ՀՀՇ վերնախավի էներգատեռորի թեժ պահին։ Այն ժամանակ հայկական բանակը հաղթանակած էր, իսկ այսօր Թորոսյանը փորձում է պարտադրել նույն գաղափարը, բայց արդեն որպես կոչ՝ հրաժարվելու ցանկացած դիմադրությունից։ Այլ կերպ ասած՝ Բլեյանի գաղափարական ծոռներն առաջարկում են թուլանալ և հաճույք ստանալ «խաղաղության դարաշրջանից»…
Սպասելով ծրագրային ելույթին…
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարի նախապատրաստումը համընկավ սեպտեմբերի 25-ին մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման հետ: Ընտրությունները տեղի կունենան համագումարից հետո, իսկ թե ինչպես են ձևավորվել վարչապետի կուսակցության ավագանիները տեղերում, մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք կոնկրետ օրինակներով։ Ուստի չենք կրկնի, սահմանափակվենք արձանագրումով, որ վարչության նոր կազմի ընտրությունների նախապատրաստումը ոչ բոլոր տարածքային ստորաբաժանումներում է հարթ անցել։
Կանոնադրության համաձայն, վարչության անդամության թեկնածուներ պետք է առաջադրեն տեղական խորհուրդները, սակայն սոցկայքերում կուսակցության ղեկավար մարմնի անդամության թեկնածուների օգոստոսի 18-ին նախատեսված (համագումարից մեկ ամիս առաջ) շնորհանդեսը դեռ չի սկսվել: Կուսակցությունից հայտնել են, որ հետաձգման պատճառ են դարձել տեխնիկական բնույթի հանգամանքները։ Թեկնածուներին ներկայացնելուց հետո նախատեսվում է ռեյտինգային քվեարկություն, սակայն մինչ օրս չի հաջողվում մանրամասներ ստանալ այդ քվեարկության և առաջիկա համագումարի այլ հանգամանքների մասին...
Ակնհայտ է, որ նոր վարչության ընտրությունները, որի անդամները ներկայիս կազմից ավելի քիչ են լինելու, չի կարող կուսակցական միջոցառման գլխավոր խնդիրը լինել։ Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը համագումարի ամբիոնից պետք է ոչ միայն նախանշի Հայաստանի զարգացման ռազմավարական ուղիները տեսանելի ժամանակահատվածում, այլև արձագանքի այն քննադատությանը, որը շարունակում է հնչել իշխող կուսակցության հասցեին 2021 թվականի ընտրություններից հետո։
Եթե համագումարն այնուամենայնիվ կայանա, ապա ծրագրային ելույթում Փաշինյանը նախանշելու է արտաքին քաղաքական նոր առաջնահերթությունները և մեր երկրի տեղը արագ փոփոխվող աշխարհի համատեքստում։ Չի բացառվում նաև, որ նույն ամբիոնից նա կազդարարի կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլ և ժողովրդին կուշտ կյանք կխոստանա «խաղաղության դարաշրջանի» սկսվելուց անմիջապես հետո... Ի դեպ, մի շարք համայնքներում (Գորիս, Մասիս) կուսակցության ավագանիներն այդպես էլ չհաջողվեց ձևավորել։ Դա նշանակում է, որ այդ համայնքների կուսակցական ստորաբաժանումները չեն կարող իրենց ներկայացուցիչներին գործուղել կուսակցության վարչություն, այդ առանձնաշնորհն ունեն միայն ձևավորված խորհուրդները։
Կուսակցությունը ոչ մի դեր չի խաղում պետության կառավարման գործում
Համագումարի նախապատրաստման փուլում մենք տեղեկացրել ենք մեր ընթերցողներին, որ նոր վարչության կազմում տեղերի համար անզիջում պայքար են մղել առաջին էշելոնի հայտնի անձանց ֆավորիտները:
Օրինակ, Կապանում խորհրդի նախագահի պաշտոնում անհաջող առաջադրվեց կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դրածոն՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, այլ տարածքային ստորաբաժանումներում առաջադրվել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մարդիկ։ Ինքը՝ Պապիկյանը, ոչ մի օր անուշադրության չի մատնել տարածքային ստորաբաժանումների խորհուրդների նախագահների ընտրությունները...
Որքան մոտենում է աշունը, այնքան ավելի շատ են կասկածները, թե համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։ Հայտնի է Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման աննախադեպ միջոցառումների մասին։ Ներքաղաքական իրավիճակի սրման դեպքում համագումարը կարող են չեղարկել կամ անորոշ ժամանակով հետաձգել՝ այն մտավախությամբ, որ վարչապետի քաղաքական հակառակորդները կարող են օգտագործել իրավիճակը հակաիրավական գործողությունների համար։ Ի դեպ, օգոստոսի 23-ին իր մասին հայտարարած շարժումը՝ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ, նպատակ է ազդարարել թույլ չտալ Փաշինյանի այցը Մոսկվա օգոստոսի 31-ին, Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման: Ղազարյանը հայտարարել է, որ այդ հանդիպմանը պետք է գնա նոր վարչապետ…
Թյուր կարծիք կա, թե հասարակական դժգոհության աստիճանը չափվում է միայն փողոցային ակցիաների թեժությամբ, մինչդեռ իրականում հասարակությունը կարող է երկար ժամանակ կուտակել դժգոհությունը։ Զանգվածներն ատում են Փաշինյանին և ծարավի են վրեժ լուծել նրանից տոտալ խաբեության համար։ Իր հերթին, ռեժիմը ծրագրել է համագումարը որպես շրջադարձային իրադարձություն երկրի կյանքում, այն իմաստով, որ Փաշինյանը կրկին կխոստանա կաթի գետեր՝ մեղրածոր ափերով։ Միայն թե ո՞վ կհավատա նրան։ Համագումարից հաշված օրեր անց տեղի կունենան 18 համայնքների ՏԻՄ ընտրությունները։
Տեղական ընտրությունների մասին այսօր ավելի շատ է խոսվում, քան իշխող կուսակցության առաջիկա համագումարի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ մնացել է մեկ անձի տիրույթ, որը ձգտում է շրջապատել իրեն այնպիսի մարդկանցով, որոնք, նախ, արդեն բազմիցս ապացուցել են անձնական նվիրվածությունը, երկրորդ՝ պատրաստ են ամեն ինչի, որպեսզի երկարաձգեն իր իշխանությունը։ Առողջապահության նախկին նախարար Թորոսյանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի վերադառնա իր բոսսի մերձավոր շրջապատ, պացիֆիզմի հետ կապված նախաձեռնությունը լոկ պատրվակ է…
Իշխանության կուսակցությունն առանց պաշտոնական գաղափարախոսության, իհարկե, անհեթեթություն է, բայց նոր վարչության կազմում տեղ զբաղեցնելու հավակնող պարոնայք թքած ունեն այդ «ավելորդ հանգամանքի» վրա։ Վարչության անդամությունը նրանց խոստանում է կուշտ կյանք, անսահմանափակ արտոնություններ և ցերեկվա ու գիշերվա ցանկացած ժամին Փաշինյանի ականջին մոտ լինելու հնարավորություն։ Ըստ էության, դա լինելու է ոչ թե նոր վարչություն (վարչություններ չեն լինում առանց միասնական գաղափարախոսության, ինչպես որ չեն լինում կուսակցական ծրագրեր և կանոնադրություններ գաղափարախոսությունից դուրս), այլ կուսակցության արտոնյալ անդամների հավաքույթ, որոնց հետ Փաշինյանը հաշվի կնստի, քանզի այդ մարդիկ կոչված են վերահսկելու կուսակցական ստորաբաժանումների աշխատանքը տեղերում։
Վերադառնալով պացիֆիզմին՝ նշեմ, որ Բլեյանի գաղափարական ծոռները ծիծաղելիության աստիճան անհեթեթ են դիտվում. այդ գաղափարախոսությունը նույնիսկ ՀՀՇ-ում չարմատավորվեց, չնայած վերնախավի բոլոր ջանքերին։ Ի դեպ, Բլեյանն ինքը այսօր փորձում է հնարավորինս հեռու մնալ ռեժիմի պարագլխից ու նրա կուսակցությունից, որոնք ազգային շահերի դավաճանություն են քարոզում «խաղաղության դարաշրջանի» ցուցանակի ներքո։ Այդ ցուցանակի տակ մեր աչքի առաջ իրականացվում է Արցախի հայ բնակչության ապարտեիդ և ինքնիշխան Հայաստանի բռնազավթում…