Սրտի տասնօրյակ` Հայաստանում. ցանկացողները կկարողանան զննում անցնել

Սեպտեմբերի 23-ից, 10 օր շարունակ, կենտրոնում տեղադրված տաղավարներում ցանկացողները կկարողանան զննում անցնել։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` հավելելով, որ դա կիրականացվի Սրտի համաշխարհային օրվա` սեպտեմբերի 29-ին միջոցառումների շրջանակում։

Տաղավարներում մասնագետները կորոշեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, կչափեն զարկերակային ճնշումը։

«Այն մարդիկ, որոնց մոտ շեղումներ կհայտնաբերվեն, նրանց ուղեգրեր կտրվեն, որպեսզի գնան պոլիկլինիկա և անհրաժեշտ դեպքում նաև բուժում ստանան»,–ասում է Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը։

Նշվում է նաև, որ այդ օրերին կլինեն նաև իրազեկման ակցիաներ` անվանի սրտաբանները, սրտային վիրաբուժները և ոլորտի մասնագետները կխոսեն սիրտն առողջ պահելու կարևորության մասին:

Միաժամանակ, 2 գիտաժողով է նախատեսված. սեպտեմբերի 24-ին առաջին անգամ կանցկացվի հայ-ռուսական ֆորում, իսկ սեպտեմբերի 29-ին Հայաստանի սրտաբանների ասոցիացիան գիտաժողովով հանդես կգա։

Հիշեցնենք, որ Հայաստանում որպես մահացության պատճառ առաջին տեղում են կորոնար անոթների հիվանդությունը և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունները: Եթե 1990 թվականին դրանցից մահացել է 7128 մարդ, ապա 2021 թվականին այդ ցուցանիշն ավելացել է՝ կազմելով 8056 մահ։

2021 թվականին սուր ինֆարկտից մահացել է 1354 քաղաքացի։

Sputnik Արմենիա