ԱՄՆ սենատոր Մենենդեսը Թուրքիան համարում է աշխարհի գլխավոր մարտահրավերներից մեկը

ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է Արևելյան Միջերկրական ծովում ամենամեծ սպառնալիքը և Չինաստանի, Ռուսաստանի և կլիմայի փոփոխության հետ մեկտեղ այն ներառել միջազգային հանրության առաջ կանգնած հիմնական մարտահրավերների մեջ ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով հունական ԶԼՄ–ներին, Մենենդեսը նման հայտարարություն է արել Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի դոկտորի պատվավոր կոչում ստանալու արարողության ժամանակ։

«Այս լսարանում որևէ մեկին չէ ասել, որ ամենամշտական ու անմիջական սպառնալիքը Արևելյան Միջերկրական ծովում նախկինի պես շարունակում է մնալ Թուրքիան։ Չնայած նրան, որ Թուրքիան դաշնակից է ՆԱՏՕ–ի շրջանակում, այն մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխանությանը` Էգեյան ծովում սադրիչ թռիչքներ իրականացնելով։ Կործանիչներով օդային տարածքի խախտումն անընդունելի վարք է ցանկացած երկրի համար», – հայտարարել է ամերիկյան քաղաքական գործիչը։

Քննադատելով Կիպրոսի հյուսիսային հատվածի ապօրինի օկուպացիան, Մենենդեսը հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս Անկարային սպառազինության արդիականացված համակարգեր տրամադրելուն։ Նա մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում պառակտիչ քաղաքականություն վարելու մեջ։

Խոսելով ԱՄՆ–ի և Հունաստանի հարաբերությունների մասին` սենատորը հայտարարել է, որ դրանք անհրաժեշտ է շարունակել ամրապնդել։

Ավելի վաղ Մենենդեսը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն, քանի դեռ նա չի փոխել իր ուղղվածությունն ու չի կատարել ՆԱՏՕ–ի առաջ ստանձնած պարտավորությունները` հրաժարվելով ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումից։

Թուրքիան մտադիր է ԱՄՆ–ից 40 հատ F-16 կործանիչ գնել և արդիականացնել իր սպառազինության կազմում գտնվող ևս 80-ը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ հույս ունի ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցում։ Սենատոր Մենենդեսը, որպես միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ, այդ գործարքի վրա վետո դնելու իրավունք ունի։

Հունաստանն ակտիվորեն խոչընդոտում է գործարքին։ Դա պատճառներից մեկն է դարձել, որ Էրդողանը հրաժարվի շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ` մեղադրելով նրան ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։

Sputnik Արմենիա