Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ

Այս պահին Հայաստանում իշխանափոխության հնարավորություններ կան, եթե միայն ընդդիմությունն իսկապես ցանկանա իրականացնել իշխանափոխություն, քանզի միշտ չէ, որ հայտարարված նպատակներն ու իրական նպատակները համընկնում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նշենք` «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ շարժումը սեպտեմբերի 2-ին մեծ հանրահավաք կանի Ֆրանսիայի հրապարակում` «Ոտքի կանգնենք, որ չկորցնենք» խորագրով։

«Ընդհանրապես երբ նախատեսում են համապետական հանրահավաք, որն ինչ–որ մեծ գործընթացի մեկնարկը պետք է լինի` նպատակադրվելով հասնել իշխանափոխության, ապա բնականաբար նման միջոցառման մեկնարկին պետք է հնարավորինս լավ նախապատրաստվել, մինչդեռ այդ ուղղությամբ աշխատանքները դեռ տեսանելի չեն»,– նշեց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով այն հարցին, թե ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնած «Համախմբում»շարժումն ինչ ազդեցություն կարող է թողնել խորհրդարանական ընդդիմության կողմից իրականացվող շարժման վրա, Բադալյանը նշեց, որ մարդկանց հավաքը Հանրապետության հրապարակում դեռ չի նշանակում, որ այն կարելի է որակել որպես քաղաքական հանրահավաք։

«Հանրահավաքը, որպես քաղաքական տեխնոլոգիա կամ տեխնոլոգիական միջոցառում, ունի իր կանոնները, մասնավորապես` թե ինչ նպատակ է հետապնդում և ինչ խնդիրներ պետք է լուծի։ Անհրաժեշտ է նաև տվյալ պարագայում պահպանել քաղաքական ձևաչափը։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հավաքի նպատակն անհասկանալի էր, այն որևէ խնդիր չլուծեց, ձևաչափը չպահպանվեց, և եթե գործիչը չի տիրապետում քաղաքական միջոցառում անցկացնելու տարրական կանոններին, ապա դժվար է ակնկալել, որ նա կիրականացնի լուրջ քաղաքական գործընթաց։ Այդուհանդերձ, Էդգար Ղազարյանի գործունեությունը ո՛չ կօգնի, ո՛չ էլ կխանգարի ընդդիմությանը»,– պարզաբանեց Բադալյանը։

Նրա դիտարկմամբ` իշխանության ջրաղացին ջուր լցնելու հուզական թեզը շրջանառվում է դեռ 1992 թվականից, երբ ընդդիմությունը շարունակ իրականացնում էր ակցիաներ` պայքարելով օրվա իշխանության դեմ։

Երբ խոսում են վճռական քայլերի դիմելու մասին, ապա նախ պետք է հստակեցնել, թե ինչ է դա նշանակում` շենքերի գրավո՞ւմ, ուժայինների հետ մարտական բախումնե՞ր։ Համենայն դեպս, ընդդիմությունը պետք է բացատրի վճռական քայլերի էությունը։ Փաստ է, որ մինչ այս պահը «Դիմադրություն» շարժումը կտրուկ քայլերի չի դիմել։

«Միշտ չէ, որ ընդդիմադիրների գործողությունները հանգեցնում են իշխանափոխության, և միշտ չէ, որ նման գործողությունների արդյունքում օրվա իշխանությունները ներկայացնում են հրաժարական ու հեռանում ասպարեզից։ Այդուհանդերձ փաստ է, որ Հայաստանի ընդդիմությունն ակտիվ ու կրեատիվ մոտեցումներ չի դրսևորում, որ խնդիրներ ստեղծի իշխանության համար ու նրա իշխանության մնալը դնի հարցականի տակ»,– ասաց քաղտեխնոլոգը։

Sputnik Արմենիա