ՆԻԿՈԼԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Եվ այսպես, Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը հանձնվեցին։ Այս շաբաթ, ինչպես հայտարարում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, կհանձնվի նաև Լաչինով անցնող ճանապարհը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը լռում է։
Օգոստոսի սկզբին նա խոսում էր այն մասին, որ հայկական կողմը համաձայնություն չի տվել Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհի նախագծին՝ դեռևս գործող Լաչինի միջանցքի փոխարեն: Ասաց, իսկ հետո լռեց։ Հետագա մեկնաբանություններ այն մասին, թե ինչու ենք մենք, հակառակ 09.11.2020-ի եռակողմ համաձայնագրի տակ իր ստորագրության, հանձնում ճանապարհը, թեև նման բան, համենայնդեպս այս տարվա պարագայում, այդ համաձայնագրով նախատեսված չէ, վարչապետից չհաջորդեցին։
Մեր կարծիքով՝ Նիկոլը լռում է երկու պատճառով։ Նախ, մեկնաբանել իրավիճակը՝ կնշանակի, որ իր ստորագրությունը բացարձակապես ոչ մի արժեք չունի։ Կնշանակի՝ ընդունել, որ միջազգային ասպարեզում իրեն ընդհանրապես չեն դիտարկում որպես սուբյեկտ, որի հետ պետք է հաշվի նստել, և որի հետ պայմանավորվածությունները պետք է պահպանել. նա զրո է այդ առումով։ Քանի որ եթե այսօր նա ինչ-որ բան ստորագրել է, դա բնավ չի նշանակում, թե վաղը չի անի ճիշտ հակառակը։
Եվ եթե այսօր Նիկոլը հրաժարվում է Նախիջևանի հետ արտատարածքային միջանցքի ադրբեջանական պահանջից՝ վկայակոչելով ինչ-որ պայմանավորվածություններ, փաստաթղթեր և արդեն հիշատակված եռակողմ համաձայնագիրը, դա ոչինչ չի նշանակում։ Վաղը նա նույնքան լուռումունջ կարող է հանձնել «միջանցքը», ինչպես որ այսօր հանձնեց Բերձորը, Աղավնոն ու Ներքին Սուսը և այնտեղ ապրող մեր հայրենակիցներին։
Երկրորդ պատճառը, թե ինչու է մեր մեծն դատարկախոսը լռում Լաչինի միջանցքի իր զիջումների մասին, այն է, որ այստեղ դժվար է մեղքը բարդել նախկինների վրա, ինչպես նա սիրում է և սովոր է անել։ Եթե նախկինում տխմարություններ էր բարբաջում այն մասին, թե նախկինները ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս՝ 1992-ին ինչ-որ բան ստորագրելով ԱՊՀ շրջանակներում, եթե նախկինում նա ճամարտակում էր, թե հանձնել է յոթ շրջանները, որովհետև «նախկինները», միևնույնն է, բանակցում էին դրանք հանձնելու շուրջ, եթե նախկինում նա «դժգույն ու դժբախտ» Շուշիի հանձնումը «հիմնավորում էր» նրանով, թե բանակցային գործընթացում «նախկինների», քննարկած փաստաթղթերի համաձայն՝ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնային այնտեղ, ապա… Ապա Լաչինի միջանցքի հարցում նույնիսկ այդ «տրամաբանության» շրջանակներում նա ասելիք չունի։
Քանզի բանակցային գործընթացի 30 տարիների ընթացքում միջնորդները ոչ մի անգամ չեն առաջարկել Ադրբեջանին հանձնել դեռևս գործող միջանցքը և փոխարինել դա այլ ճանապարհով։ Հակամարտող կողմերի դատին միջնորդների ներկայացրած ոչ մի փաստաթղթում նման բան չի առաջարկվել։ Եթե Լաչինի միջանցքի վերաբերյալ ինչ-որ բան էլ քննարկվել է, ապա դա լոկ դրա անհրաժեշտ լայնությունն էր՝ հայկական կողմի համար անվտանգ օգտագործման նպատակով։
Այնպես որ Բերձորի հանձնման մեղքը «նախկինների» վրա բարդել ոչ մի կերպ չի ստացվում։ Ճիշտ է, կա պահեստային տարբերակ. կարելի է բարդել ռուսների վրա։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ պաշտոնապես Փաշինյանը չի կարող իրեն թույլ տալ այդպես ստել։ Կվախենա։ Թերևս միայն՝ իրեն ենթակա ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների միջոցով։ Այն էլ «ողջամտության սահմաններում»։
Քանզի այդ առումով էլ, ոչ պաշտոնապես խրախուսելով երկրում «նոր ռուս հեղափոխականների» գործունեությունը, չափն անցել են։ Եվ Հայաստանն այսօր հիշեցում է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ռուս գաղթականների հանգրվան դարձած Շվեյցարիան։ Առնվազն ցանկացած ճաշակ բավարարող սրճարաններով, որտեղ ներգաղթյալ-վերաբնակները կարող են ազատ քննարկել, ինչպես իրենց է թվում՝ պատերազմում առաջիկա պարտությունից հետո Ռուսաստանի վերակառուցման վերաբերյալ իրենց զառանցալից ծրագրերը։