«Սուրմալուի» տնօրենը հարցաքննվել է. փորձագետները հաշվարկում են գույքային վնասները
«Սուրմալուի» պայթյունի փաստով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է առևտրի կենտրոնի սեփականատեր, «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրենը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից` պատասխանելով գործի ընթացքի մասին արված գրավոր հարցմանը։
Դատախազությունից նաև հայտնեցին, որ նախաքննությամբ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ ճանաչվել են որպես տուժողներ և վարույթն իրականացնող մարմնին հայտնել են պայթյունի հետևանքով պատճառված վնասի մոտավոր չափեր:
Վնասների իրական չափերը հաշվարկելու համար 15.08.2022թ. նախաքննություն իրականացնող քննչական խմբի ղեկավարի կողմից որոշում է կայացվել դատապայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ճարտարագիտատեխնիկական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որի շրջանակներում, փորձագետներին ուղղված հարցադրումներով, առաջարկվել է նաև հաշվարկել գույքային վնասների չափերը:
Ըստ դատախազությունից ստացված պարզաբանման, քննության շրջանակներում հաշվարկվում են ոչ միայն «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների ու տարբեր ծառայություններ մատուցող անձանց,այլև հաճախորդներին ու պատահական անցորդներին պատճառված վնասների չափերը։ «Պատճառված գույքային վնասների փոխհատուցման հարցին հնարավոր կլինի անդրադառնալ դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո, երբ հնարավոր կլինի քննարկել տուժողներին քաղաքացիական հայցվոր ճանաչելու հարցը»,– հայտնում են դատախազությունից: