ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ՝ ԾԱՆՈՒՑՈՒՄ, ՀԱՅԵՐԻՆ՝ ԱՆԱԿՆԿԱԼ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ օգոստոսի 31-ին Ալիև-Փաշինյան հանդիպմանը համաձայնեցվելու Է խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը, հաղորդում Է Sputnik Արմենիան: «Սակայն այս գործընթացի առումով մենք երկմտանք ենք տեսնում Հայաստանի կողմից»,- նշել է նա։ Հաջիևը կրկնել է, որ Բաքուն լուծված է համարում Ղարաբաղի հարցը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնացել է անցյալում։ Նրա խոսքերով, այժմ Բաքուն ցանկանում է քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել Երևանի հետ, Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են լավ գործընկերներ դառնալ Հայաստանի համար:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. սա այն եզակի դեպքն է, երբ Երևանից արձագանքեցին Բաքվի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը: Սովորաբար նման իրավիճակներում հայկական կողմը հերոսաբար լռում է։ Ասենք, երբ լռում է, շատ ավելի լավ տեսք է ունենում։ Դատեք ինքներդ, ահա թե ինչպիսին էր ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը Հաջիևի հայտարարությունը մեկնաբանելու «Արմենպրեսի» խնդրանքին. «Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որտեղ կտրվի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների շուրջ»:

Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Ստացվում է այն, որ ադրբեջանական կողմը ծանուցում է առաջիկա հանդիպման կոնկրետ օրակարգը, իսկ հայկական կողմը՝ անակնկալ պատրաստում։

Իսկ բացի այդ, ստացվում է, որ Ալիևը հստակ գիտի, թե ինչու է մեկնում Բրյուսել, մինչդեռ Փաշինյանը իբրև թե չգիտի, թե ինչ է քննարկելու հանդիպման ընթացքում։ Ալիևը ստույգ գիտի, թե ինչ է ուզում, և Հաջիևը դա հնչեցնում է։ Իսկ Փաշինյանը, կարծես թե, ոչինչ չի ուզում, իբր՝ կխոսենք, հետո կերևա, ինչի մասին վկայում է նրա մամլո ծառայության հայտարարությունը։ Ամեն դեպքում գագաթնաժողովի նախաշեմին իրավիճակն այնպիսին է, որ ադրբեջանական հասարակությանը բացատրում են, թե ինչու է երկրի նախագահը պատրաստվում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ, իսկ հայ հասարակության համար վարչապետն անակնկալ է պատրաստում։ Եվ դատելով նրանից, որ Երևանի կողմից ոչ մի տեղեկատվություն չկա առաջիկա բանակցությունների թեմայի վերաբերյալ, անակնկալը, մեղմ ասած, բնավ հաճելի չի լինելու։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ բրյուսելյան հանդիպմանը, ապա այստեղ հանելուկները, ուղիղն ասենք, շատ են։ Օգոստոսի սկզբից, երբ հայտնի դարձավ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին, քննարկվում էր բոլորովին այլ վայր. Մոսկվան։ Սկզբունքորեն տրամաբանական կլիներ գագաթնաժողովը տեսնել հենց Ռուսաստանի մայրաքաղաքում, եթե քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստին վերաբերող հարցեր։ Առնվազն այն պարզ պատճառով, որ այսօր Արցախում կանգնած են ռուս խաղաղապահները, և ցանկացած երկկողմ պայմանավորվածություններ, առանց խաղաղապահ կողմի անմիջական ակտիվ մասնակցության, անհեթեթ են։ Այդ դեպքում կա՛մ խաղաղությունը չի լինի խաղաղություն, կա՛մ խաղաղապահները չեն լինի խաղաղապահներ։

Թերևս արդեն ժամանակն է, որ շահագրգիռ բոլոր կողմերը կողմնորոշվեն այս հարցում։ Կա՛մ Մոսկվան վերահսկում է խաղաղության հաստատման գործընթացը, ինչի իրավունքը նա ունի անվերապահորեն՝ հաշվի առնելով Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հանգամանքը։ Կա՛մ էլ դա անում է Բրյուսելը, կողմնորոշվելով իր գազային շահերով և Արևմուտքի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակցությամբ։Այլապես բնավ խաղաղ չի ստացվում, երբ տարածաշրջանում խաղաղության փոխարեն հասունանում է շահերի հերթական բախում խոշոր խաղացողների միջև։ Հնարավոր է՝, որ Բրյուսելում կայանալիք հանդիպումը հստակեցնի հենց այս հարցը։ Գուցե հենց դրանում էլ ամփոփված լինի նույն այդ անակնկալը…