Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան հատվածում

Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

«Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու ժամանակավոր այդ հատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհը։ Նոր երթուղին արդեն գործում է, մինչև Արցախը Հայաստանին կապող միջանցքի հիմնական ճանապարհահատվածի կառուցման ավարտը: Ներկայում ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ ու վերահսկողություն են իրականացնում»,- ասել է Պետրոսյանը։

 Նրա հավաստմամբ` ճանապարհն ամբողջ տարվա ընթացքում սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության հետ խնդիր չի առաջանալու։

Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ հետ կապը կիրականացվի նոր երթուղով՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։ Մինչ այդ Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։

Armenia Today