ՄԻՊ-ը բացասական է գնահատում ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը
ՊՆ-ի՝ 24 մլն դրամ վճարելու դիմաց ժամկետային զինծառայության ժամկետը մինչև 4,5 ամիս կրճատելու մասին նախագծի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարծիքը բացասական է։
Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը։ Նա ասաց, որ պաշտպանության նախարարությանը նախագծի վերաբերյալ գրավոր կարծիք չեն ուղարկել, պատրաստվում են առաջիկայում ուղարկել։
Ջիլավյանն այսօր նախագծի մի շարք խնդրահարույց դրույթներ ներկայացրեց։
Ըստ նրա, առերևույթ առկա են խտրականության արգելքի սկզբունքի և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խախտումներ․ «Նախ՝ խտրականության արգելքը միջազգային փաստաթղթերով և ՀՀ Սահմանադրությամբ է սահմանված։ Խտրականության արգելքի հիմքում, ի թիվս այլ գործոնների, դրվում է նաև գույքային դրությունը։ Իրավաչափ նպատակի գործոնն այն է, որ արհեստավարժ բանակ ստեղծելն է։ Բայց պետք գնահատվի այս միջոցը համաչա՞փ է այս նպատակին հասնելու համար, որովհետև եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով գնահատման առարկա է դարձնում նպատակի համաչափությունն և գործադրվող միջոցը։
Այս նախագծի շրջանակներում և ընդհանրապես իրավական ակտերով Եվրոպական կոնվենցիան չպետք է ապրիորի մեկնաբանվի կամ կիրառվի, պետք է հաշվի առնվեն տվյալ հասարակությունում ընդունված պրակտիկան և ավանդույթները։ Մեր դեպքում 24 մլն դրամ է և հաշվի առնելով մեր միջին սպառողական զամբյուղը կամ միջին եկամուտը, հասկանում ենք, որ այդ արտոնությունից կարող են օգտվել հարուստ անձինք։ Հետևաբար, այս առումով սոցիալական արդարության տեսանկյունից նախագիծը խնդրահարույց է։ Սոցիալական արդարության սկզբունքի էությունից բխում է, որ իրավունքներն ու պարտականությունները մարդկանց վրա պետք է բաշխվեն արդար կերպով, իսկ այն պարագայում, երբ նույն իրավունքից կամ պարտականությունից անձը կարող է խուսափել ընդամենը գումարային որոշակի փոխհատուցմամբ, դա սոցիալական արդարության տեսանկյունից խիստ խնդրահարույց է, և չի կարող ընդունելի համարվել»։
Ջիլավյանի ներկայացմամբ՝ մյուս գործոնը, որով նախագիծը ՄԻՊ-ի համար ընդունելի չէ, դա բանակում ամուր կարգապահություն ունենալու անհրաժեշտությունն է․ «2022 թվականին ունենք ոչ մարտական պայմաններում մահացության, ինքնասպանությունների կամ ինքնավնասումների թվի աճ։ Այս միտումը շարունակվում է։ Հիմա, երբ խոսք է գնում նույն կարգավիճակն ունեցող ժամկետային զինծառայողներից մեկի նկատմամբ որոշակ արտոնություն կիրառել, իսկ մյուսի նկատմամբ չի կարելի կիրառել գույքային դրության պատճառով, այս երկուսի միջև կոնֆլիկտ է հասունանալու և դա, վստահաբար, հանգեցնելու է բանակում կարգապահության մակարդակի նվազմանը՝ եթե այս երկու խմբերի զինծառայությունը միասին է կազմակերպվելու։ Իսկ եթե առանձին է կազմակերպվելու, դա մեկ այլ խնդիր է, որովհետև ունենալու ենք արտոնյալների և չարտոնյալների ստորաբաժանումներ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ, Aravot.am