THE SHOW MUST GO ON․ ԲՐԱՅԱՆ ՄԵՅԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՏԱՐԻ QUEEN ԽՄԲԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԵՐԳԸ

Հաշված օրեր անց Հայաստանը կհյուրընկալի STARMUS գիտության և երաժշտության փառատոնը: Մարզահամերգային համալիրում կայանալիք փառատոնը եզակի է իր ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝ այն, ինչին ականատես կլինենք Հայաստանում, իր օրինակը չի ունենա ոչ մի երկրում:

Նա նշեց, որ եթե տարբեր երաժշտական, սպորտային կամ այլ փառատոններն ու միջոցառումներն ամեն տարի տարբեր երկրներում կազմակերպվում են նույն ձևաչափով, ապա STARMUS-ը իր տեսակով եզակի է և չկրկնվող: Այն թեմաներն ու հարցերի շրջանակը, որ քննարկվում են տվյալ տարվա փառատոնի շրջանակում, միայն մեկ անգամ են լինում, և այս անգամ փառատոնը հյուրընկալելու մասնակիցը լինելու եզակի հնարավորություն է տրվել Հայաստանին:

«Շատ կուզեմ, որ մարդիկ լուրջ վերաբերվեն STARMUS փառատոնին, քանի որ այն իրոք չկրկնվող է: STARMUS-ի բոլոր փառատոնները միշտ են եղել չկրկնվող և ապշեցուցիչ, և մենք աշխատել ենք ամեն ինչ անել, որ Հայաստանում անցկացվող STARMUS-ը ոչ մի բանով չզիջի նախկինում կազմակերպված փառատոններին, լինի պատմական և մնա մարդկանց հիշողություններում»,- ասաց նա:

Անդրադառնալով սպասվող միջոցառումներին՝ Իսրաելյանն ընդգծեց, որ բացի յուրահատուկ դասախոսություններից, կլոր սեղան-քննարկումներից սպասվում է երկու մեծ համերգ: Դրանցից նա առանձնացրեց փառատոնի համահիմնադիր, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի համերգը՝ մի շատ կարևոր առանձնահատկություն շեշտելով. Մեյը գրեթե բոլոր STARMUS փառատոններին հանդես է եկել մեկ կամ երկու կատարմամբ, բայց Հայաստանում նա կունենա 5 և ավելի կատարում:

Բրայան Մեյը կկատարի Queen խմբի The Show Must Go On երգը System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և երգչախմբի հետ: Փառատոնի երաժշտական հատվածում հարգանքի տուրք կմատուցվի նաև դուդուկի համաշխարհային վարպետ Ջիվան Գասպարյանին: Չբացելով փակագծերը՝ Իսրաելյանը նշեց, որ փառատոնի մասնակիցներին շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում:

«Կարևոր է նաև նշել Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը, որի ընթացքում ևս սպասվում է յուրահատուկ, ընտրված կատարումներով համերգային ծրագիր: Ուշագրավ միջոցառումների շարքում են նաև 108 րոպե կլոր սեղան-քննարկումը Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ, Star Party-ն, որը աշխարհահռչակ հյուրերի և գիտնականների մասնակցությամբ կազմակերպվելու է Գառնիում, որտեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակում Հայաստան բերված աստղադիտակներ»,- նշեց Իսրաելյանը։

Գարիկ Իսրաելյանի խոսքով՝ STARMUS-ի փառատոնի հիմնական ծրագրի մաս է կազմում «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» (Discover the cosmos and change the world) կոնֆերանսը, որն անց է կացվելու Մարզահամերգային համալիրի տարածքում: Այստեղ ակնկալվում է շուրջ 7000 մասնակցի ներկայություն։

Նա նշեց, որ հիմնական դասախոսությունները, համերգները, քննարկումները լինելու են Մարզահամերգային համալիրում, որտեղ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

Հայաստանում «Սթարմուս» VI-ն անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

«Սթարմուս» աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

Հայաստանը սեպտեմբերին հյուրընկալելու է աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին (Charles Bolden), Քրիս Հադֆիլդին (Chris Hadfield), Ջիմ Բագյանին (Jim Bagian), Ջորջ Նիլդին (George Nield), Չառլի Դյուկին (Charlie Duke), Նոբելյան մրցանակակիրների՝ Էդվարդ Մոուզերին (Edvard Moser), Քիփ Թորնին (Kip Thorne), Էմմանուել Շարպենտիեին (Emmanuelle Charpentier), գիտնականների՝ Թոնի Ֆադելին (Tony Fadell), Բրայան Գրինին (Brian Greene), Դոննա Սթրիքլենդին (Donna Strickland), արտիստների՝ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին (Rick Wakeman), Սերժ Թանկյանին (Serj Tankian), Տիգրան Համասյանին (Tigran Hamasyan), Անդրեյ Մակարևիչին (Andrey Makarevich), Դերեկ Շերինյանին (Derek Sherinian), մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու գիտնականների, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:

«Արմենպրես»