ՌԴ-ը պատրաստ է հետագայում ևս աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում

Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման շուրջ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների բանակցություններում՝ բարձրացնելով սահմանային գոտում կայունության և անվտանգության մակարդակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«2021թ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ.Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի պայմանավորվածության համաձայն՝ Մոսկվայում տեղի է ունեցել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և դրա հետագա սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Կողմերի պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շ. Ա. Մուստաֆաևը, Մ. Գ .Գրիգորյանը և Ա. Լ. Օվերչուկը։

Միջոցառմանը նախորդել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման Պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև այս տարվա մայիսի 24-ին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպման անցկացումը երկու երկրների սահմանին։

Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման շուրջ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանային գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Նոր հանդիպման ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

News.am