Թևան ՊՈՂՈՍՅԱՆ․ ԵԹԵ ՉՓՈԽԵՆՔ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԿՇՐՋԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ

Եթե չկարողանանք փոխել իրավիճակը, ապա իրականություն կդառնան Ավոյի (Մոնթե Մելքոնյան) խոսքերը, որն ասում էր, որ կորցնելով Արցախը՝ մենք կշրջենք հայոց պետականության պատմության վերջին էջը։ Թշնամին առանց խղճի խայթի հենց դա էլ կանի։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

«Մենք ինքներս պետք է մտածենք մեր և մեր շահերի մասին։ Ի՞նչ, Շառլ Միշե՞լը պետք է մտածի մեր շահերի մասին։ Ո՛չ, նա կմտածի ԵՄ-ի մասին՝ արդյո՞ք նա դուրս կմղի Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից, լինեն դրանք այլընտրանքային ճանապարհներ և այլն։ Նույն Իրանը նախկինում խոսում էր սահմանների վերագծման անթույլատրելիության մասին, իսկ հիմա միայն ասում է, որ Իրանի ու Հայաստանի միջև պետք է սահման լինի»,- ընդգծեց նա։

Փորձագետը նշեց, որ ռուս խաղաղապահները նույնպես եկել են Արցախ սպասարկելու իրենց, ռուսական շահերը, և այստեղ չեն եկել «մեր գեղեցիկ աչքերի համար, այլապես առաջին օրը (44-օրյա պատերազմի-խմբ.) կգային»։

«Եթե Մոսկվան անհրաժեշտ համարի խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում այնտեղ պահպանել իր ներկայությունը, ապա կգտնի դա անելու ձևը։ Եթե մեզ չեն բավարարում Ռուսաստանի գործողությունները, ուրեմն պետք է ոչ թե նստել դժգոհել, այլ հասկանալ, թե մեր որ գործողությունները նրանց սրտով չեն եղել, որպեսզի այս կամ այն գործընթացն ընթանա այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Ինչպես ժամանակից շուտ հանձնվեց Բերձորը, այնպես էլ Ադրբեջանը հենց այդպես կանի ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից մինչև հնգամյա ժամկետի ավարտը։ Առանց մանդատի խաղաղապահ առաքելություն չի կարող իրականացվել։ Ուստի առաջին հերթին Հայաստանը պետք է հասնի մանդատի հրապարակմանը։ Դա չի կարող գաղտնի փաստաթուղթ լինել։

Ադրբեջանն ասում է՝ ժամանակը կգա, կմտածենք։ Ռուսաստանին պետք էր զորք մտցնել այնտեղ, նա էլ մտցրեց, և, հնարավոր է, նրան այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ մանդատի ներքո: Մենք, չգիտես ինչու, անընդհատ հույսը ուրիշների վրա ենք դնում»,- հավելեց Պողոսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ եթե խաղաղապահները հեռանան Արցախից, ապա այնտեղ ոչ մի հայ չի մնա։ «Մենք ամբողջությամբ կկորցնենք Արցախը և արդյունքում կշրջենք հայոց պետականության պատմության վերջին էջը։ Պետք է մտածենք այն մասին, թե ինչ պետք է անենք, եթե Ռուսաստանը, ելնելով սեփական շահերից, լքի Արցախը։ Պատրա՞ստ ենք արդյոք մենք նման իրավիճակի»,- տարակուսեց փորձագետը։

Նրա խոսքով, Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը սեփական շահերից ելնելով պետք է դիտարկի։

«Կարծում եք, ադրբեջանցիները հենց այնպե՞ս են ուզում գալ այստեղ: Հայաստանի իշխանությունները երկարաժամկետ հեռանկարի համար հաշվարկներ արե՞լ են։ Պետք է հասկանալ, թե ինչ շահեր է հետապնդում թշնամին, ձևակերպել սեփական նպատակները և համեմատել դրանք ուրիշների առաջարկածի հետ։

Իսկ որո՞նք են մեր շահերը:

Երբ խոսում են խաղաղության օրակարգի մասին, հիշում եմ, թե ինչպես են հայերը 170 տարի վտարված եղել Նախիջևանից, ինչպես բարձր ծնելիության պայմաններում Արցախի բնակչությունը չի գերազանցել 150 000-ը։ Մեր թշնամիները մեզ խաղաղություն չեն առաջարկում, նրանք ասում են, որ Սյունիքը, Սևանը, Երևանն իրենց են պատկանում։ Սա՞ է խաղաղության օրակարգը։ Նրանց համար խաղաղությունն առանց հայերի է հնարավոր։

Ուստի, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Եթե մենք խաղաղություն ուզեինք, հենց այդպես էլ կանեինք։ Իսկ խաղաղության պայմանագիրը երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը այնպես, ինչպես երաշխավորում էր Ուկրաինայում, Սիրիայում և հակամարտության այլ գոտիներում»,- ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների դարաշրջանում ոչ ոք փաստաթղթերին չի նայում, նայում է ուժին։

News.am