ԵՐԵՔԸ ՄԵԿՈՒՄ. ԴԵ, Ո՞ՆՑ ՉՁԵՐԲԱԿԱԼԵՆ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Մարտական գործողությունների ավարտից մոտ երկու տարի անց Նիկոլ Փաշինյանի և Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեն որոշել է, որ Շուշին հանձնելու մեղքն ընկած է Միքայել Արզումանյանի վրա։ «Ղարաբաղի Միշան», որը վաշտի հրամանատար է եղել դեռևս Առաջին ազատամարտում, 44-օրյա պատերազմի ժամանակ նշանակվեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար՝ հոկտեմբերի 27-ին Ջալալ Հարությունյանի վիրավորվելուց հետո, ռազմական գործողությունների փաստացի ավարտից 12 օր առաջ։
Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատարությունն ընդունել է ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին Փաշինյանին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի զեկույցից բավական ժամանակ անց: Արդեն այն բանից հետո, երբ հոկտեմբերի կեսերին Պուտինը համոզում էր Փաշինյանին դադարեցնել ռազմական գործողությունները հետագա կորուստներից խուսափելու համար։ Ընդ որում Շուշին այն ժամանակ դեռ հայկական վերահսկողության տակ էր։ Բայց մարդկային ճակատագրերի մեր մեծն ձեռնածուն, անտեսելով և՛ Գլխավոր շտաբի կարծիքը, և՛ Պուտինի միջնորդական ջանքերը, շարունակում էր մարդկանց և տարածքների հանձնումը։
Իսկ մեղավորը, պարզվում է, ոչ թե «գերագույն գլխավոր հրամանատարն» է, ինչպես է հորջորջում էր իրեն Փաշինյան այն օրերին՝ իր թիմի խրախուսական ծափահարությունների ներքո, այլ Միքայել Արզումանյանը։
Հիշեցնենք, ի դեպ, Փաշինյանի ու իր քարոզիչների մատուցմամբ Շուշիի հանձնման մեղավոր նշանակվածների շարանը։ Սկզբում ասում էին, թե Ծառուկյանն է մեղավոր, որի ջոկատը, իբր, չի գնացել Շուշի։ Հետո մեղադրեցին Վանեցյանին, որի ջոկատը Շուշիում էր, բայց այնուամենայնիվ «փախել» է։ Այնուհետ մեղադրեցին Սեյրան Օհանյանին, որը թեև ոչ մի կարգավիճակ չուներ, բայց պարտավոր էր պաշտպանել Շուշին։
Հիմա ահավասիկ հերթը հասել է Միքայել Արզումանյանին։ Միջնորդավորված, ի դեպ, նաև Արայիկ Հարությունյանին, որի գլխավոր խորհրդականն է ձերբակալվածը, և որի գրասենյակը երեկ հայտարարել է, որ ԼՂՀ նախագահը «գեներալ Արզումանյանին համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը»։
Ընդդիմության ակցիաների նախաշեմին պետք է կրկին չքմեղացնել Փաշինյանին. վայ-գլխավոր հրամանատարը ոչ մի բանում մեղավոր չէ, մեղավոր են զինվորականները։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը արդեն վաղուց է նստած, հիմա էլ ձերբակալում են Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանին։
Եթե «Ղարաբաղի Միշայի» ձերբակալման քաղաքական աստառը լոկ այն է, որ հերթական դիմահարդարումն անեն կատարյալ անմեղ գլխավոր պատասխանատուին, դա դեռ ոչինչ։ Բայց ահավասիկ այն փաստը, որ Արզումանյանին մեղադրելու և ձերբակալելու նույնիսկ Արցախի ղեկավարության համար անսպասելի որոշումն իրականացվել Է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից մեկ օր առաջ, տագնապալի կասկածներ է առաջացնում։
Արդյոք սա հերթական ստորաքարշությունը չէ՞ Ալիևի առջև, որպեսզի վերջինս ողորմած լինի Փաշինյանի հանդեպ Բրյուսելում և այնքան էլ ուժեղ չոլորի նրա ձեռքերն այնտեղ։ Հերթական ակցիան չէ՞, միտված շեղելու հանրության ուշադրությունը եռակողմ հանդիպման ենթադրյալ արդյունքներից։ Որպեսզի եթե այն դառնա Հայաստանի նվաստացման հերթական չափաբաժինը, կարողանան ասել՝ դե, իսկ ի՞նչ կարող էր անել Փաշինյանը, եթե Հարությունյանի նշանակած Պաշտպանության բանակի հրամանատարն իր անփույթ գործողություններով հանձնել է Շուշին, այդ կերպ կանխորոշելով պարտությունը պատերազմում և այլ տարածքների անարյուն հանձնումը…
Ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք «երեքը մեկում» պիար-ակցիայի հետ. Պարզերես անել Փաշինյանին, հաճոյանալ Ալիևին, ուշադրություն շեղել Բրյուսելից…
Մյուս կողմից, գուցե Միքայել Արզումանյանն իրոք ունի՞ մեղքի իր բաժինը։ Իհարկե, ռազմական գործողությունների ժամանակ սխալ որոշումները բացառված չեն, և ցանկության դեպքում այդ որոշումները միանգամայն կարելի է հարմարեցվել շրջահայաց Քր.օր.-ի այս կամ այն հոդվածին։
Բայց, ելնելով Նիկոլի օրոք կարված քաղաքական աստառով քրեական գործերի դիտարկման փորձից, հետագա ամենահավանական սցենարն այն է, որ քննությունը կընթանա երկար ու հոգնեցուցիչ, դատալսումները՝ նույնպես, եթե ոչ է՛լ ավելի երկար ու հոգնեցուցիչ։ Եվ երբ այդ ձգձգոցը ձանձրացնի բոլորին, մեղադրանքը կթսկի, ինչպես որ մեծամասամբ թսկել է այն ամենը, ինչ քաղաքական դրդապատճառներով կարվել է Փաշինյանի հրահանգով։