«ԱՅՍ Ի՜ՆՉ ԾԱՆՐ ՊԱՐՏԻՔ Է, ՏԵՐ»
Ամեն տեսակի միջնորդներն անդադար «քամում են» քաղաքացիների դրամապանակները
Ճակատագրի քմահաճույքին նետված և մոլեգնող գների առջև միայնակ ու լքված ՀՀ բնակչությունը ստիպված է ընդամենը ապագա «բարիքներ» հուսալ կառավարությունից։ Այսպես, կենսաթոշակառուներին խոստացել են երկու փուլով՝ սեպտեմբերի 1-ից և հաջորդ տարվա հուլիսի 1-ից բարձրացնել թոշակները մինչև 6 հազար դրամով (հենց՝ մինչև)։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիների դրամապանակները դատարկելուն (մասնավորապես, իշխանություններն այս տարեսկզբից բարձրացրել են ջրի, գազի և էլեկտրաէներգիայի սակագները, իսկ «Վեոլիա Ջուր»-ը դիմել է 2023թ. հունվարի 1-ից ջրի սակագնի նոր բարձրացման հայտով), ապա այդ գործընթացը շատ ավելի հաջող ու արագ է ընթանում:
Ստացվում է, որ կառավարությունն ինքն է խթանում գնաճը, իսկ «բնական մոնոպոլիստները», մատնացույց անելով հենց այդ գնաճը, պահանջում են իրենց ծառայությունների սակագների բարձրացում։ Փակ շրջան: Ընդ որում ոչ ոք չի ցանկանում նկատել դրամի զգալի ամրապնդումը հաստատուն արժույթների նկատմամբ, ինչը, հակառակը, պիտի նպաստի սակագների նվազմանը…
Կանխիկ վճարումների կրճատումն ինքնին ճիշտ ուղղությամբ շարժվող գործընթաց է: Ինչպես գրում է Սթիվեն Քինգը իր վերջին՝ «Բիլլի Սամերս» վեպում, «կանխիկ գումարները հակված են ամնեզիայի»: Ի դեպ, վեպում լասվեգասցի մաֆիականի անունը, որը նախընտրում է հենց կանխիկ փողը... Նիկ (Նիկոլայ) Մաջարյան է. Բայց սա այնպես, իմիջիայլոց։
Սակայն մեր պայմաններում անկանխիկ վճարումներին անցնելու ընդհանուր առմամբ հասկանալի գործընթացը (պետությունը ցանկանում է տեսնել ցանկացած ֆինանսական փոխհոսքերը) չգիտես ինչու հանգեցնում է քաղաքացիների լրացուցիչ հոգսերի և նոր ծախսերի: Համատարած սկսել են գանձել այսպես կոչված «միջնորդավճար»։ Ահավասիկ, օրերս գնալով Նոր Նորքի թաղապետարան, աղբահանության սովորական վճարը մուծելու, բախվեցի հերթական նորարարությանը և... լրացուցիչ 300 դրամ ծախսի։
Եթե նախկինում մենք պարզապես վճարում էինք սահմանված գումարը հենց թաղապետարանին, ապա այժմ այնտեղ նույնպես միջնորդ է հայտնվել. «Հայփոստը», որը տեղավորված է հենց մայրաքաղաքային թաղամասի աշխատակազմի շենքում՝ իր համար լրացուցիչ շահույթի աղբյուր բացահայտելով քաղաքացիների միջոցների փոխանցման հաշվին։ Ընդ որում աղբյուրը բավական հորդառատ է. բավական է բազմապատկել նշյալ 300 դրամը հարյուր հազարավոր տնային տնտեսությունների/բնակարանների թվով։
Եվ դա դեռ ամենը չէ։ Անցած տարվանից անխտիր բոլոր քաղաքացիները ստիպված են անշարժ գույքի հարկ վճարել։ Փաշինյանի կառավարությունը վերացրել է գործող բոլոր արտոնությունները, ինչի արդյունքում հարկատուներ են դարձել նույնիսկ քաղաքի ծայրամասում գտնվող ամենախղճուկ բնակարանների սեփականատերերը։ Այդ հարկը գնում է տեղական համայնքների բյուջե, այնպես որ նախորդ տարի այն վճարում էին նույն թաղապետարանում։ Սակայն այս անգամ մարդկանց ուղարկում են բանկեր, որոնց միջոցով էլ իրականացվում են հարկի վճարումները։
Ամենահետաքրքիրն այն է, որ բանկերից մեկում 2 հազար դրամ փոխանցելու համար պահանջեցին... 1000 դրամ միջնորդավճար։ Ճիշտ է, հետո բանիմաց մարդիկ հուշեցին դիմել մեկ այլ բանկ («Հայբիզնեսբանկ»), որտեղ միջնորդավճարը նվազագույն 100 դրամ է։ Այդուհանդերձ այդ 100 դրամը նույնպես մանրուք չէ, եթե այդ թիվն էլ բազմապատկենք հարկատուների թվաքանակով։
Քիչ ավելի վաղ անկանխիկ եղանակի էին անցել վճարումները համատիրության ծառայությունների դիմաց։ Բնականաբար՝ միջնորդական ծառայությունների համար նույն այդ 100 դրամի գանձումով։
Այսօր գրեթե ամենուր, լինի դա անձնագրային գրասենյակ, թե բանկ, տեղադրված են վճարման տերմինալներ, որոնց մոտ կանգնած են քաղաքացիների տարբեր վճարումները 100 դրամով կատարող օրիորդները։ Բնակչության հետագա աղքատացման հաշվին շարունակում են հարստանալ առևտրային բանկերը, «Հայփոստը», միջնորդական այլ կազմակերպություններ և անձինք:
Պատահական չէ, որ առևտրային բանկերն ընդամենը կես տարվա ընթացքում ստացել են 111 մլրդ դրամ մաքուր շահույթ, ընդ որում, ինչպես խոստովանում է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, երկրի բանկային համակարգում շահույթի կտրուկ աճը տեղի է ունեցել ոչ թե տոկոսային եկամուտների (վարկերի տրամադրման), այլ անտոկոսայինի հաշվին: Այսինքն՝ շնորհիվ ամեն տեսակի միջնորդական վճարումների, որոնցով մինչև կոկորդը ծանրաբեռնել են բնակչությունը։
Բավական չէ, որ քաղաքացիները ստիպված են կրել հարկերի և բազմապիսի այլ վճարումների սաստիկ ծանրացած բեռը, դեռ մի բան էլ լրացուցիչ միջոցներ են կորզում նրանցից, որպեսզի «տեղ հասցնեն» նրանց իսկ փողերը։ Լա՜վ է մտածված…