Փաստաբան․ ՎԱՂՆ ԷԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՆ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԷԼ Է ՆՐԱ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԵԼ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը սոցցանցում գրել է

«Արդեն հայտնել էի, որ քանի որ Միքայել Արզումանյանին անփութություն վերագրելը սպասված արդյունքը չտվեց կոնկրետ մասսաների «կերակրման» մասով, ուստի նրան հիմա էլ դիտավորություն կվերագրեն, որ հետո սկսեն իրենց մանիպուլյացիոն հարցազրույցները և «կտերի տարածումը»։

Պրոցեսը սկսված է։ Հիմա էլ մեղադրում են, թե իբրև հայկական զորքը կռվով հետ է վերցրել «Արեգա» բարձունքը, սակայն Միքայել Արզումանյանը եկել ու հրամայել է, որ այդ բարձունքը թողնեն ու հեռանան, որից հետո թշնամին նորից զբաղեցրել է այն։

Նույնիսկ ավելորդ եմ համարում անդրադառնալ այդ աբսուրդին։

Սակայն հենց մեղադրանքի ձևակերպումից մի հատված կնշեմ, որի համաձայն՝ Միքայել Արզումանյանը, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը։

Իրականում, քանի որ Միքայել Արզումանյանն այդ ժամանակ չի հանդիսացել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը և որևէ իրավասություն չի ունեցել այդ անձնակազմին նման հրաման տալու, ուստի չի էլ տվել, իսկ այդ անձնակազմն էլ իրավունք չուներ ենթարկվելու իրեն պետ չհանդիսացող զինվորականի հրամանին։

Հարց է ծագում, որ եթե Միքայել Արզումանյանը որևէ իրավասություն չունենալով՝ նման հրաման է տվել, ապա ինչո՞ւ է անձնակազմը ենթարկվել այդ հրամանին և ինչո՞ւ ըստ կարգի իրենց վերադաս պետերին այդ մասին չեն զեկուցել և ստացել նրանց հրամանը։

Այսքանով կարծում եմ, որ ամեն ինչ ասված է։

Վաղն էլ հնարավոր է մեղադրեն, որ պատերազմն էլ է նրա մեղավորությամբ սկսվել»։

Aysor.am