Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱՅ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԱՐՑԱԽԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ՃԱՆԱՉԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Որպեսզի մենք մնանք Արցախում, անհրաժեշտ է նախևառաջ միասնականություն, անհրաժեշտ է, որ ողջ հայությունը հաստատակամ լինի և պատրաստակամ օգնելու Արցախին՝ Արցախի փրկության գործին մասնակից լինելու համար: Այս մասին Ստեփանակերտում News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Կան բոլոր հնարավորությունները, որ Արցախը մնա հայկական, պահի իր ինքնությունը, և Ադրբեջանը վերջնականապես չխժռի Արցախը, որովհետև Արցախի կործանումից հետո գալու է Հայաստանի կործանումը: Թող որևէ մեկն այստեղ իլյուզիաներ չունենա: Հետևաբար, պետք է նախևառաջ մենք այս բարդ իրավիճակից հոգեբանորեն դուրս գանմք և արդեն գործընթացն ընթանում է: Այո, մենք ծանր վիրավոր ենք մարմնով, այո, մեր սիրտը արյունով լի է, վերքերի մեջ է, չսպիացած վերքեր ունենք, բայց հոգեբանորեն առաջին հերթին պետք է հաղթահարենք այդ ամենը: Երբ որ հաղթահարենք և վերականգնենք մեր ոգու զորությունը, մնացած հարցերը լինելու են տեխնիկական»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Արցախից պաշտոնապես հրավեր եղել է ՀՀ իշխանություններին՝ Ստեփանակերտում մասնակցելու Արցախի անկախության տարեդարձին, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ընդհանրապես սա բաց է, ով ուզում գալիս է: Ես տեսա տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ՀՀ գլխավոր դատախազն էր այստեղ: Այս արարողակարգային բաները կարելի է մի կողմ դնել, հիմնական հարցն այն է, որ կարողանանք Արցախը փրկել: Տոնական միջոցառումներ, որպես այդպիսին չկան, բայց կան ժողովրդական այցելություններ, քայլերթ, մեծ հանրահավաք: Մենք պարտավոր ենք այս տոնը նշել, բայց պետք է գա այն օրը, որ նաև տոնենք: Պետք է ամեն ինչ անենք՝ այս ծանր իրավիճակից դուրս գալու համար»:
Անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը, որտեղ, ըստ հաղորդագրությունների, խոսք չի եղել Արցախի մասին, Դավիթ Բաբայանն ասաց. «Կարևոր չէ, որ Արցախի մասին խոսք կամ բառ լինի: Բոլորն էլ գիտեն մեր դիրքորոշումը: Մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, հետևաբար սա այն կարմիր գիծն է, որ մեր տղաներն են գծել իրենց արյունով: Կարևորն այն է, որ թույլ չտան, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն խախտել այդ կարմիր գծերը»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, Արցախի ԱԳ նախարարն ասաց. «Մենք դեմ չենք խաղաղության պայմանագրին, թող լինի խաղաղության պայմանագիր, եթե դա կկարգավորի երկու երկրների հարաբերությունները, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ այդ խաղաղության պայմանագրով Հայաստանը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս: Չեմ կարծում, որ սա հաջողվելու է, բայց Ադրբեջանը փորձելու է: Մենք էլ պետք է ասենք, որ սա անընդունելի է: Եթե Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, հերթը գալու է Երևանին: Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն այդ պայմանագրի մեջ մտցնել մի կետ, որտեղ կփորձեն Հայաստանին ստիպել, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս: Հայաստանը չի ճանաչի»:
Հարցին, թե վստա՞հ է այդ հարցում, նա պատասխանեց. «Այլ տարբերակ չկա: Ես չեմ պատկերացնում որևէ հայ, Հայաստանի ղեկավար՝ անկախ քաղաքական հայացքներից, որ կարող է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել, որովհետև դրանից հետո նաև Երևանը պետք է ճանաչվի Արևմտյան Ադրբեջանի մայրաքաղաք, մի հատ էլ ներողություն խնդրենք, որ այստեղ ապրել ենք ու ադրբեջանական բարիքներն օգտագործել ենք անօրինական ձևով մեր շահերի համար»: