Միակ սուբյեկտը, որն այս օրերին պաշտպանում է Արցախի և հայ ժողովրդի շահերը՝ այս հրապարակն է

Արցախը մեր անցյալն է, ներկան ու ապագան, մեր հայրենիքը, և բոլոր նրանք, ովքեր ասում են, թե եկեք հայրենիքի մի մասը զիջենք, որպեսզի փրկենք մյուս մասը, գլուխները պատով են տալիս։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք մի մասը զիջելով՝ կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունը և մեր պետականությունը։ Դրա համար այս պատասխանատու օրը ես ասում եմ, որ Հայաստանն Արցախ է և վերջ, քանի որ Արցախի գլխին կանգնած աղետը նաև Հայաստանի աղետն է։ Արցախը հայ ժողովրդի համար գոյաբանական խնդիր է։ Արցախը մեր ուժն է, անվտանգությունն ու արժանապատվությունը։ Արցախն այսօր կանգնած է հայաթափման և էթնիկ զտման առաջ»,- նշեց նա։

Սաղաթելյանն ասաց, որ կա երեք կարևոր սկզբունքային պահանջ, որը պետք է ապահովվի. «Առաջինը՝ պետք է բացառվի որևէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի կայուն, հուսալի ցամաքային կապ, և երրորդ՝ պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր Զինված ուժերով պետք է ստեղծվի միասնական անվտանգային համակարգ։ Ցավոք, Հայաստանում չկա որևէ սուբյեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի շահերը, ընդ որում այդ սուբյեկտը չկա ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ էլ սփյուռքում. այսօր միակ սուբյեկտն իր լավ ու վատ կողմերով հանդերձ «Դիմադրություն» շարժումն է և այս հրապարակը։ Միակ սուբյեկտը, որն այս օրերին պաշտպանում է Արցախի և հայ ժողովրդի շահերը՝ այս հրապարակն է և դուք եք։ Բոլոր նրանք, ովքեր իրենց գործողություններով փորձում են պառակտել շարժումը, փորձում են խոչընդոտել շարժման ընդլայնմանը, ջուր են լցնում Նիկոլի և Ալիևի ջրաղացին»։

Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներին գործելաոճին. «ԱԱԾ պետ Արմեն Աբազյան, Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, Քննչական կոմիտեի պետ Արգիշտի Քյարամյան, Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյան՝ դուք այսօր Նիկոլի իշխանության միակ պահապանը և հենարանն եք, դուք անձամբ պատասխանատվություն եք կրում ամեն օր ու ժամ մեր հայրենիքի կորուստների համար, դուք եք այն մարդիկ, ովքեր հետևողական խոչընդոտել և խոչընդոտում են «Դիմադրություն» շարժման ընդլայնումը՝ ձեր բռնաճնշումներով, բանտարկություններով, հետապնդումներով։ Ամեն օր փորձում եք ճնշել մարդկանց՝ պահելով Նիկոլի իշխանությունը։ Ուք չեք կարող ասել՝ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, դուք ծառայում եք մի դավաճան խելագարի։ Ամոթ է, վերջ տվեք այդ ճնշումներին, հավատարիմ եղեք ձեր ուսադիրներին, ձեզ մի դասեք այդ վերջացած ուսապարկերի շարքին»։

News.am