ԵՎ ԿՐԿԻՆ ԻՐ «ՍԵՓԱԿԱՆ, ԶՐՈՅԱԿԱՆ ԿԵՏԻՑ». ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է ԲՈՒՀԵՐԻՆ
Հիմա էլ հերթը հասել է դպրոցական ու բուհական համակարգին, որն այս իշխանություններն ուզում են սկսել «սեփական, զրոյական կետից»։ Ըստ էության, հենց այդ մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, նշելով, որ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների մեկնարկը ձգձգել այլևս չի կարելի, և դրա համար հզոր խթան պետք է դառնա ընդունելության քննությունների անմխիթար վիճակագրությունը. բուհերում տեղերի 60%-ը թափուր է մնացել:
Որպես այդ խնդրի լուծում՝ վարչապետը տեսնում է... պետական բուհերի խոշորացումն ու որոշ գիտահետազոտական ինստիտուտների ինտեգրումը դրանց հետ, ակադեմիական ավանի կառուցումն Աշտարակում՝ այնտեղ տեղափոխելով այդ բուհերը, որոնց առավելագույն թիվը պետք է կազմի 8։ Տարօրինակ է, համաձայնեք, որ մայրաքաղաքում պիտի մնան, ասենք, Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարանները, որոնք թողարկում են աշխատաշուկայում մրցունակ կադրեր, իսկ այ հայկական բուհերը, նրանց փորձը օգտագործելու փոխարեն, տեղափոխվում են Աշտարակ։ Դժվար թե խոշորացումն ու աշխարհագրական վայրի փոփոխումը կարողանան բարձրացնել թողարկվող կադրերի որակը։ Եվ հետո, հարցը միայն աշխատաշուկայում հայաստանյան բուհերի շրջանավարտների պահանջվածությունը չէ. կան բազմաթիվ համալսարաններ, որոնք որակյալ կադրեր են տալիս երկրին։ Հարցը նաև այն է, որ այս տարի նույնիսկ այն ֆակուլտետներում, որտեղ աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ են դասավանդում, տեղերը թափուր են մնացել։
Խնդիրը, միանշանակորեն, հանգում է ֆինանսներին, ավելի ճիշտ ՝ այդ ֆինանսներից դիմորդների ծնողների զուրկ լինելուն, արտագաղթի արագացած տեմպերին և ինչպես դիմորդների ընտանիքների, այնպես էլ ընդհանրապես երկրի սոցիալ-տնտեսական բավական մշուշոտ ապագային։ Չէ՞ որ մեր երկրում ոչ բոլորն են նախարարական աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանում, աղքատացող ընտանիքների մեծամասնությունը հազիվ է ծայրը ծայրին հասցնում և չի կարող վճարել մեկ տարվա աշխատավարձի չափ գումար կազմող ուսման վարձը։ Իսկ եթե ուսանողը մարզից է, ապա ուսման վարձին գումարվում է նաև ուսանողի ապրուստի և կեցության բավական մեծ գումարը։ Բայց այդ մասին վարչապետը նախընտրում է չխոսել՝ չնկատելով այդչափ էական խնդիրը։
Չի նկատում կամ ձևացնում է, թե չի նկատում նաև այն, որ տարեցտարի կրճատվում է ուսուցիչների թիվը դպրոցներում, և այդ մասնագիտությունն ընտրելու երիտասարդների ցանկության նվազման այսպիսի տեմպերի պարագայում, ինչը ցույց տվեց նաև ավարտված ընդունելությունը բուհերում, արդեն շատ շուտով դպրոցները կադրերի սուր պակասուրդ կունենան։ Ինչպես փաստում են կրթության ոլորտի փորձագետները, արդեն այսօր Հայաստանում տրվում են վկայականներ և հավաստագրեր, որտեղ որոշ առարկաների գնահատականի փոխարեն նշված է. «չի ուսումնասիրել»: Պատճառը ուսուցչի բացակայությունն է, և եթե իրավիճակն արմատապես չփոխվի, ապա «չի ուսումնասիրել» արտահայտությունը դպրոցների շրջանավարտների վկայականում նշված կլինի բազմաթիվ առարկաների առջև: Ի՞նչ բարձրագույն կրթության մասին կարելի է խոսել ընդհանրապես, եթե դպրոցական առարկաներն ուսումնասիրվում են ոչ լիարժեքորեն, եթե չկա դպրոցական հենք, ի՞նչի վրա, ըստ էության, կառուցել բարձրագույն կրթությունը: Եվ դժվար թե այս ծայրաստիճան հրատապ խնդրի լուծման համար ամենից անհրաժեշտը ադրբեջաներենի, թուրքերենի, պարսկերենի և վրացերենի ուսուցման (առայժմ ֆակուլտատիվ) ներդրումն է դպրոցներում, ինչով այսօր ակտիվորեն զբաղված է կրթության նախարարությունը։
Ըստ վիճակագրության՝ մեկ տարվա ընթացքում ուսուցիչների թիվը կրճատվել է գրեթե 900-ով, 5 տարվա ընթացքում կրկնապատկվել է 65 տարին բոլորած ուսուցիչների թիվը, իսկ այ երիտասարդ ուսուցիչների թիվը (մինչև 25 տարեկան) կրճատվել է երեք անգամ։ Հաշվի առնելով մանկավարժական բուհերում ներկայիս թերալրումը՝ չորս տարի անց դպրոցներում ուսուցիչների թիվը ոչ միայն ավելի կնվազի, այլև նրանցից շատերը ստիպված կլինեն դասավանդել միանգամից մի քանի առարկա։ Կրթության ի՞նչ որակի մասին կարելի է խոսել այդժամ, ի՞նչ հիմքի մասին, որ պետք է դնի դպրոցը, որպեսզի ապագա ուսանողները կարողանան սովորել Աշտարակի փաշինյանական ակադեմիական ավանում։
Ի վերջո, ի՞նչ է արել կառավարությունը դպրոցի ուսուցչի մասնագիտության գրավչությունն ավելացնելու համար։ Բացարձակապես ոչինչ։ Խոսակցությունները ատեստավորման մասին, ինչը խոստանում է ուսուցչի աշխատավարձի բազմապատիկ բարձրացում, ավելի շուտ հեքիաթներ են միամիտների համար: Կառավարությունն՝ ընդհանրապես, և դրա ղեկավարը՝ մասնավորապես, ճիշտ հակառակը, իրենց հայտարարություններով ու գործողություններով անում են ամեն ինչ, որպեսզի հասարակությանը ներշնչեն այն միտքը, թե բարձր աշխատավարձի համար բարձրագույն կրթությունը բնավ պարտադիր չէ։ Բավական է ձեռքին ունենալ դպրոցական ատեստատ, կարևոր չէ, թե ինչ գնահատականներով, և կարող ես ծառայության ընդունվել պարեկային ոստիկանությունում ու ստանալ 350 հազար դրամ աշխատավարձ։
Սա արդեն խնդրի մյուս կողմն է։ Վերջին 4 տարիներն առանձնակի ցույց տվեցին հասարակայնությանը, որ հաջող կարիերայի համար կարևորը ոչ թե կրթությունն է, այլ անհրաժեշտ պահունակում հայտնվելու կարողությունը։ Օրինակ՝ Գյումրիից Երևան քայլածների շարքում կամ նրանց մերձավոր շրջապատում։ Եվ այդժամ նախկին մատուցողից, քարտուղարուհուց, բուժքույրից, կամ ընդհանրապես 10 տարվա դպրոցական կրթությամբ կարելի է հասնել պատգամավորական աթոռի։ Կարևորը, ինչպես ասում են օրենսդիր իշխանությամբ փաստացի պատահականորեն օժտված այդ մարդիկ՝ արդարացնելով այն, որ իրենք, ըստ էության, փողոցից են հայտնվել պատգամավորական աթոռին, քաղաքականության մեջ մշտապես լինելն է։ Իրենք, իբր, «միշտ եղել են քաղաքականության մեջ»։ Դե, իսկ խմբակցության կազմում նրանց բարձրակիրթ գործընկերները, օրինակ՝ Վլադիմիր Վարդանյանը, նաև «երկաթբետոնե» հիմնավորում է բերում։ Իբր՝ «բարձրագույն կրթության առկայությունը ո՛չ դաստիարակության մասին է վկայում, ո՛չ մարդկային որակների մասին է վկայում, ոչ մի բանի մասին չի վկայում։ Վկայում է պարզապես մի բանի մասին, որ անձը ենթադրաբար ունի որոշակի բարձրագույն կրթության ոլորտում պահանջվող հմտություններ»: Ասել է թե՝ «կան շատ մարդիկ, ովքեր բարձրագույն կրթություն չունեն, բայց մեծ ներդրում են ունեցել պետության զարգացման գործում ու զգալի հետք են թողնում պատմության մեջ»: Ինչպես ասում են, շնորհակալ ենք, պետք չէ, շուրջներս արդեն տեղ ու դադար չկա ձեր ցեխոտ հետքերից…
Դեռևս չամրացած ուղեղով ներկայիս երիտասարդներն ու նրանց ծնողները տեսնում են, որ «Լիլուի տեսահոլովակի այն տղան» կարճ ժամանակահատվածում գլխապտույտ կարիերա արեց՝ նախ դառնալով պատգամավոր, հետո զբաղեցնելով ԱԺ փոխնախագահի, իսկ հետո նաև նախագահի պաշտոնը։ Պատմության և աշխարհագրության նախկին ուսուցիչները դարձել են մեկը փոխվարչապետ, իսկ հետո՝ նախարար, մյուսը՝ փոխնախարար, մարզպետ, ապա նախարար։
Հանուն արդարության պետք է նշել, որ նրանց ուսերի հետևում բուհական կրթության տարիներ կան, սակայն, նույն Վլադիմիր Վարդանյանի խոսքերով ասած, բարձրագույն կրթության առկայությունը վկայում է միայն այն մասին, որ «անձը ենթադրաբար ունի որոշակի բարձրագույն կրթության ոլորտում պահանջվող հմտություններ», իսկ պետական կառավարման հետ նրանք ոչ մի կապ չեն ունեցել, պարզապես յուրաժամանակ համալրել են իշխող կուսակցության շարքերը։
Այսօրվա երիտասարդությունը տեսնում է, որ ներկայիս իշխանությունը իր արշինով իջեցնում է տարիքային և կրթական ցենզը, մասնագիտական աշխատանքային ստաժը, իսկ հաճախ իսպառ անտեսում անհրաժեշտ աշխատանքային փորձը առանցքային բազմաթիվ պաշտոնների համար: Իրենց բոլոր գործողություններով իշխանավորները գրեթե ամենօրյա ռեժիմով ցույց են տալիս մեր հասարակությանն ու մասնավորապես երիտասարդությանը, որ պետք չէ առանձնապես ջանալ, տարիներ շարունակ գրքեր կարդալ ու կրծել գիտության գրանիտը՝ կարիերա անելու և բոլոր բարիքներից օգտվելու համար։ Պետք է ընդամենը հայտնվել ճիշտ պահունակում։
Ակնհայտ է, որ այս իշխանությանը պետք չէ կիրթ հասարակություն, անկիրթ հասարակությանն ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել, նրա խորապատկերին ավելի հեշտ է «փրկիչ» երևալ։ Հակառակ դեպքում գործող կառավարությունը հրապուրիչ կդարձներ ոչ թե ծառայությունը ոստիկանությունում, այլ գիտությունն ու մանկավարժությունը։ Այնպես որ բուհերի խոշորացումն ու ակադեմիական ավանի կառուցումն Աշտարակում ընդամենը շղարշ է ներկայիս իշխանության համար, որպեսզի գլուխ բերի իր ինչ-որ մութ գործեր։