Մանվել ԵՂԻԱԶԱՐՅԱՆ․ ՇՈՒՇԻՆ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՀԱՆՁՆԵԼ ԵՆ ԹՇՆԱՄՈՒՆ, ԵՎ ՇԱՏԵՐՆ ԵՆ ԹԱԹԱԽՎԱԾ ԱՅԴ ԿԵՂՏԻ ՄԵՋ

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը կարծում է, որ Շուշին մեկ զինվորականի գործողությունների հետևանքով ընկնել չէր կարող: «Մեղավորները շատ են», - «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նա:

«Շուշին ինչպե՞ս կարող էր միայն Միքայել Արզումանյանի պատճառով ընկնել: Հայաստանի գործող իշխանությունները զուր են փորձում մեկի գլխին ամեն ինչ բարդել: Կան բազում մարդիկ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Շուշին դիտավորյալ հանձնել են թշնամուն և դա, նորից եմ կրկնում, մի մարդու գործ չէ, շատերն են թաթախված այդ կեղտի մեջ: Հիմա փորձում են ամեն ինչ բարդել մեկի գլխին, բայց` իզուր», - նշել է Մանվել Եղիազարյանը:

Հարցին՝ ո՞ւմ եք ակնարկում, ասելով, թե շատերն են կեղտի մեջ թաթախված, նա պատասխանել է «Չեմ նշի հստակ անուններ, սակայն կասեմ, որ շատերն են մեղավոր: Մեղավոր են զորակոչ չհայտարարածները, բանակը չամրացնողները, ժողովրդին պառակտողները: Նրանք ձեռք ձեռքի տված՝ ծախել են Շուշին: Մեղքը հավասար է: Թող առանձին մեկին չմեղադրեն: Արզումանյանը քավության նոխազ է դարձել, այդքան մի բան», եզրափակել է «Արաբո» ջոկատի հրամանատարը։

Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումյանն օրեր առաջ կալանավորվել է: Նրան մեղադրում են Շուշիի անկման համար:

Aysor.am