Զապորոժիեի ատոմակայանի հրետակոծության պատճառով մազութն արտահոսել է ջրամատակարարման ջրանցք
Ուկրաինական զորքերի կողմից Էներգոդարում Զապորոժիեի ատոմակայանի հրետակոծության հետևանքով մազութի արտահոսք է տեղի ունեցել դեպի ատոմակայանին ջուր մատակարարող ջրանցք։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան։
Նրա խոսքով՝ Էներգոդարի գնդակոծությունը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 5-ի կեսօրին։
«Հարվածի հետևանքով խոցվել է մազութով լի բաքը։ Մազութն արտահոսել է ջրանցք, որը ջուր է մատակարարում ատոմակայանին»,– ասել է վարչակազմի ղեկավարը։
Վոլգան հայտնել է, որ մասնագետներն ուսումնասիրում են վթարի վայրը՝ այն վերացնելու միջոցներ ձեռնարկելու համար։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Sputnik Արմենիա