«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են արցախցի գործընկերների հետ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են արցախցի գործընկերների հետ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր են կուտակվել Արցախի, նույն Աղավնոյի, Բերձորի, Սուսի մասով, բոլորին հետաքրքիր է, թե այդ գյուղերն ինչ փաստաթուղթով են հանձնվել։

Նա հիշեցրեց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների՝ օկուպացված Շուշի այցելելուց հրաժարվելը, ինչը «հիստերիայի» հանգեցրեց։

«Բայց հիմա ոչ ոք չարձագանքեց այն փաստին, որ միացյալ Եվրոպան Բրյուսելում հանդիպումից հետո ոչ մի խոսք չասաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին»,- նշեց Հակոբյանը։

Պատգամավորն Արցախից ձեռքերը լվացած ՀՀ իշխանություններին մեղադրեց հանցավոր անգործության մեջ։ Հակոբյանի զինակից Արամ Վարդևանյանն իր հերթին հիշեցրեց, թե ինչպես հունիսի 3-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չներկայացավ նիստին, որին պետք է քննարկվեր ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը։

«Այն բովանդակությամբ նման էր մինչ այդ Արցախի խորհրդարանի ներկայացրած կարմիր գծերին։ Իսկ այս առիթով տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իշխանությունները խլացուցիչ նռնակներ կիրառեցին խաղաղ ցուցարարների դեմ»,- ասաց Վարդևանյանը։

Նա ընդգծեց Արցախն Ադրբեջանին հանձնելու անթույլատրելիությունը։ «Արցախի անկախությունը ձեռք բերվեց մեր հայրենակիցների սխրանքով և արյունով։ Սարսափելին այն է, որ իշխանություններն այդ մասին չեն խոսում։ Փաշինյանը չի խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման, նրա անկախության մասին, այլ միայն Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին»,- նշեց ընդդիմադիրը։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանը նշեց, որ նախորդ իշխանությունները 30 տարի համապատասխան փորձ ու գիտելիքներ ունեին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ե հատուկ նշանակություն էին տալիս սեպտեմբերի 2-ին, սակայն վերջին 4 տարվա ընթացքում գործող իշխանությունների շուրթերից անընդհատ խայտառակ հայտարարություններ են հնչում։

«Փաշինյանի վերջին հայտարարության մեջ (Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ իր ուղերձում) ոչ մի խոսք չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի մասին։ Փոխարենն իրականացվում է 2018 թ. քաղաքական անկախությունը կորցրած Արցախն Ադրբեջանին հանձնելու ծրագիրը»,- պարզաբանեց նա։

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ընդգծեց, որ ստեղծված պայմաններում Արցախում իրավիճակն էլ ավելի է բարդանում.

«Փակ հանդիպումների ժամանակ ոչ մի պաշտոնյա ինձ չի ասել, որ Հայաստանը, ցանկացած դեպքում պատրաստ է ապահովել Արցախի անվտանգությունը։ Տվյալ դեպքում հարց է առաջանում, թե էսկալացման դեպքում ինչպես է իրականացվելու աշխատանքների կազմակերպումը։ Տպավորություն է ստեղծվում, որ Արցախում ևս ապագայի պլանավորում չկա։ Մեր խնդիրները գնալով մեծանում են, իրավիճակը բարդանում է, և, միևնույն ժամանակ, աշխատանքներ չեն տարվում տարբեր ոլորտներում ռազմավարության ընդունման ուղղությամբ»,- հավելեց Աբրահամյանը։

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը կոչ արեց լսել միմյանց. «Մենք պետք է չափազանց ազնիվ լինենք միմյանց հետ և հասկանանք, թե ինչի է սպասում մեր ժողովուրդը»,- հայտարարեց նա։

News.am